Պավել Մանուկյանի ոտքը հնարավոր է կարճանա. Փաստաբան
«Սասնա ծռեր»-ի գործով մեղադրյալներ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացնելու Հատուկ քննչական ծառայություն՝ դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու և պարզելու, թե ինչ զենքով են կրակել Պավել Մանուկյանի վրա և ով է կրակել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Ինքը՝ Պավել Մանուկյանը հայտարարում է, որ իր վրա կրակվել է չթույլատրված զենքով՝ «Իստիգլալ»-ով. գնդակը մեկ մուտք է ունեցել ու տարբեր ելքեր: Բայց այդ ամենը հասկանալու, պարզելու համար միջնորդություն ենք ներկայացրել», -տեղեկացրեց փաստաբանը:
Նշենք, որ Պավել Մանուկյանը արցախյան ազատամարտի մասնակից է և փաստաբանների պնդմամբ, տիրապետում է ոլորտին ու ռազմական տեխնիկայի վերաբերյալ ունի գիտելիքներ:
Պավել Մանուկյանը, որն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Պետրոսյանի տեղեկացմամբ, առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի և հնարավոր է ոտքը կարճանա՝ 6 սմ-ով:
«Այս գործով անցնող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկի ոտքը ևս հնարավոր է վիրահատության ենթարկվի և արդյունքում 9 սմ-ով կարճանա»,- հավելեց փաստաբանը՝ զերծ մնալով անուն հրապարակելուց:
«Մեր մտավախությունն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում մասնագիտական բուժօգնություն հնարավոր չէ ցուցաբերել, իսկ մասնագիտացված բուժհիմնարկ տեղափոխելու մասին միջնորդությունները քննչական մարմինը մերժում է», -փոխանցեց տիկին Պետրոսյանը:
Նշենք, որ Պավել Մանուկյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը օրերս լրացվել էր. բանն այն է, որ «Սասնա ծռերի» գործին միացվել է Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործը՝ ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու վերաբերյալ և այժմ Պավել Մանուկյանի նկատմամբ, ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և պատանդ վերցնելու մեղադրանքներին է միացվել նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքը:
«Սասնա ծռերի» անդամներին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քր.օր.-ի 219 հոդվածով (շենք շինություններ զավթելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը մեկնաբանել է Պավել Մանուկյանի «ոտքերը կտրելու» ճնշման մասին տեղեկությունները
- Պավել Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական շարժընթացով
- Պավել Մանուկյան. Եթե դու չես սիրում քո հերոսներին, թշնամին նրանց կդարձնի ավազակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին