ՀՔԾ պետը ԱՄՆ դեսպանին վստահեցրել է, որ ՊՊԾ գնդի վերաբերյալ քրգործերով կատարվում է «օբյեկտիվ քննություն»
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի դիվանագետը հետաքրքրվել է նախորդ ամսին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ինչպես նաև այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև զինված խմբի վերաբերյալ քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքից:
ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը ընդգծել է, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:
«Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված առերևույթ հանցագործությունների բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Վահրամ Շահինյանը:
Ըստ աղբյուրի, հանդիպման ընթացքում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը փաստել է. «Գոհացնող է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրակրկիտ ու արհեստավարժ քննություն է իրականացնում Էրեբունու ոստիկանության շենքի գրավման և ՀՀ քաղաքացիների ու լրագրողների դեմ ուղղված ոստիկանական չարաշահումների դեպքերով»:
Վահրամ Շահինյանը նշել է նաև, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը հիշյալ քրեական գործերի նկատմամբ, պարբերաբար հանրության ուշադրությանն է ներկայացվում տեղեկատվություն՝ քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունների մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին