Ասանժը դիմում է ԱՄՆ գլխավոր դատախազությանը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետ Լինչին նամակ է ուղարկելու, որում բարձրացնելու է հարցը, թե ինչու է WikiLeaks-ի դեմ դատական գործընթացը շարունակվում այն դեպքում, երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահի ներկայիս թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների արտահոսքի վերաբերյալ քրեական գործը կարճվել է:
«Մեր իրավաբանները վաղը նամակ կհղեն ԱՄՆ գլխավոր դատախազին՝ խնդրելով բացատրել, թե ինչու է WikiLeaks-ի գործով ազգային անվտանգության, քրեական հանցագործության հետ կապված նախաքննությունը շարունակվում արդեն վեց տարի շարունակ, չէ՞ որ արդարդատության նախարարությունը փակել է Քլինթոնի վերաբերյալ քրեական գործը: Այդ գործով քննությունը տևել է ընդամենը մեկ տարի», -CNN-ին տված հարցազրույցում ասել է Ջուլիան Ասանժը, տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը:
Քլինթոնի վերաբերյալ քրեական գործը կարճվել էր, քանի որ իշխանությունները չէին նկատել նրա գործողություններում երկրի ազգային անվտանգության վտանգ ներկայացնելու մոտիվ:
Ասանժն ասել է, որ որևէ անձ WikiLeaks-ի հրապարակումներից չի տուժել, և նախագծի նպատակն է եղել տեղեկատվության հրապարակումը: Նա նաև հիշատակել է ԱՄՆ դեմոկրատների էլեկտրոնային նամակագրության շուրջ սկանդալը, որի հետևանքով մեծ թվով բարձրաստիճան դեմոկրատներ պաշտոնանկ եղան:
WikiLeaks-ն ավելի վաղ հրապարակել էր ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի սերվերի աուդիոձայնագրությունները, որոնք հարձակման էին ենթարկվել հակերների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին