Իրանն արձագանքել է իր տարածքում ռուսական կործանիչների տեղակայման մասին տեղեկատվությանը
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն,- «Ջամեջամօնլայն.իր» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, արձագանքելով Իրանի տարածքում ռուսական կործանիչների տեղակայման մասին տեղեկատվությանը, մասնավորապես ասել է. «Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունն ունի ռազմավարական նշանակություն և մենք այդ ոլորտում փոխադարձաբար օգտագործում ենք միմյանց հնարավորությունները»:
«Իրանի, Սիրիայի և Ռուսաստանի կառուցողական համագործակցության շնորհիվ պայքարի ամուր ճակատ է ձևավորվել, ինչը լուրջ դժվարություններ է ստեղծել ահաբեկիչների համար:
Ահաբեկիչներին ոչնչացնելու նոր գործողություններ են սկսվել, այդ գործընթացը կշարունակվի այնքան, մինչև ահաբեկիչներն ամբողջությամբ ոչնչացվեն»,-հավելել է Ալի Շամխանին:
Հիշեցնենք, որ «Deutsche Welle»-ն՝ հղում կատարելով «Россия 24» հեռուստաալիքին, տեղեկատվություն է հրապարակել, համաձայն որի՝ Իրանը թույլատրել է Ռուսաստանին ինքնաթիռները տեղակայել Համադանում գտնվող ռազմաբազայում, որպեսզի այնտեղից ռուսական օդուժը կարողանա թռիչքներ կատարել դեպի Սիրիա և հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան