«Սասնա ծռեր» խմբի անդամները չեն կարող համարվել քաղբանտարկյալներ. Մասնագետ
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2012 թվականին ընդունած 1900 բանաձևը՝ «Քաղբանտարկյալների սահմանումը» և հորդորել ըստ այդմ, պարզել, արդյո՞ք «ազատության համար պայքարողները» քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ:
Նախ բանաձևի մասին, որում նշվում է հետևյալը.
1. Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է, որ «քաղբանտարկյալ» տերմինի սահմանումը մշակվել է 2001թ-ին անկախ փորձագետների կողմից Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որի Գլխավոր քարտուղարին հանձնարարված էր գնահատել Հայաստանում և Ադրբեջանում ենթադրվող քաղբանտարկյալների առկայության հարցը՝ Եվրոպայի խորհրդին այդ երկրների անդամակցության կոնտեքստում:
2. Խորհրդարանական վեհաժողովը նշում է, որ վերոնշյալ փորձագետների կողմից առաջ քաշված չափորոշիչների վրա մեծ է 1989թ-ին Նամիբիայի քաղաքացիական պատերազմի օրինակի ազդեցությունը: Այդ օրինակը կիրառվել է երկու պետություններին վերաբերող դեպքերին՝ Եվրոպայի խորհրդին նրանց անդամակցության ժամանակ, և մինչև հիմա երբեք չեն դարձել համակողմանի քննարկման առարկա, ինչպես նաև հավանության չեն արժանացել Խորհրդարանական վերաժողովի կողմից:
3. Վեհաժողովը վերահաստատում է հետևյալ չափորոշիչներն ընդունելու վերաբերյալ իր դիրքորոշումը.
«Անձը, ում անհատական ազատությունը սահմանափակվել է, պետք է դիտարկվի որպես «քաղբանտարկյալ»
ա) Եթե ազատազրկումը տեղի է ունեցել Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայում կամ նրան հարող արձանագրություններում (ECHR) ամրագրված հիմնական երաշխիքներից մեկի կամ մի քանիսի, մասնավորապես՝ մտքի, խղճի և կրոնի ազատության, կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության, հավաքների և միավոումների ստեղծման ազատության ոտնահարմամբ:
բ) Եթե ազատազրկումը տեղի է ունեցել բացառապես քաղաքական դրդապատճառներով՝ կապված չլինելով որևէ հանցագործության հետ:
գ) Եթե քաղաքական մոտիվներով դրդված ազատազրկման ժամկետները կամ պայմանները անհամաչափ են այն հանցնաքի հետ, որում մեղադրվում կամ կասկածվում է ազատազրկված անձը:
դ) Եթե քաղաքական դրդապատճառներով անձը ազատազրկվել է խտրական հիմքով՝ ի համեմատություն այլ անձանց հետ:
ե) Եթե կալանավորումը տեղի է ունեցել հետաքննության արդյունքում, որն ակնհայտորեն ընթացել է անարդար կերպով, ինչը պայմանավորված է իշխանությունների քաղաքական մոտիվներով:
4. Անձինք, որոնք ազատազրկվել են ահաբեկչական հանցագործությունների համար, չեն համարվում քաղբանտարկյալներ, եթե նրանց մեղադրանք է ներկայացվել և նրանք դատապարտվել են ազգային օրենսդրություններով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված նմանատիպ հանցագործությունների համար: (ETS No.5)
5. Վեհաժողովն առաջարկում է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրների կոմպետենտ կառույցներին քաղբանտարկյալների մասին առկա բոլոր դեպքերը դիտարկել վերոնշյալ չափորոշիչների հիման վրա:
Արա Ղազարյանից փորձեցինք իր տեսակետը հարցնել, արդյո՞ք ինքը որպես մասնագետ, համադրել է բանաձևում սահմանումները և ի՞նչ կարծիքի է:
«Ես ինքս, գտնում եմ, որ այս պահի դրությամբ, որքանով մեզ հայտնի են փաստերը, քաղբանտարկյալ չեն կարող հանդիսանալ: Եթե համեմատում ենք ԵԽ-ի մշակած օբյեկտիվ հատկանիշների հետ, ապա «Սասնա ծռեր» խմբի յուրաքանչյուր անդամ ուղղակի չի համապատասխանում դրանց», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ղազարյանը:
Նա առանձնացրեց բանաձևից հետևյալ կետը՝ «Քաղբանտարկյալ կարող է համարվել անձը, եթե նրա ազատազրկումը տեղի է ունեցել բացառապես քաղաքական դրդապատճառներով՝ կապված չլինելով որևէ հանցագործության կամ իրավախախտման հետ» ու հավելեց. «Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ այդ անձինք ազատությունից զրկվել են հենց միայն քաղաքական հայացքների համար և հանցագործություն չեն գործել, իրավախախտում չեն արել»:
Ղազարյանի խոսքով, այս փաստաթուղթը ԵԽԽՎ բանաձև է և Հայաստանի համար «ուղեցուցային ու պարտադրող» փաստաթուղթ է: Նա հստակեցրեց՝ նշելով, որ 2012-ին այս բանաձևը ԵԽ-ում ընդունելու պատճառը եղել է ԵԽ-ին Ադրբեջանի և Հայաստանի անդամակցությունը, ըստ երևույթին, այն բանի համար, որ հայտարարվում էր, թե այդ երկրներում այդ տարիներին կան քաղբանտարկյալներ:
Ինչ վերաբերում է հուլիսի 17-ից հետո ոստիկանության Պարեկապահակակետային ծառայության գնդից դուրս ծավալված իրադարձություններին, երբ բազմաթիվ քաղաքացիներ բերման էին ենթարկվում, ինչի արդյունքում շատերն այժմ կալանավորված են, Արա Ղազարյանը նկատեց, որ «որոշ դեպքերում» այս բանաձևի չափորոշիչները համադրելի են:
«Որոշ անձինք կարող են այս չափորոշիչների տակ ընկնել, բայց յուրաքանչյուր գործի դեպքում պետք է այս ուղեցույցով ստուգել: Ասենք՝ երբ ոստիկանությունը առանց ընտրություն կատարելու, մարդկանց ուղղակի ձերբակալում էր այստեղ երկու դրդապատճառ կարող էր ոստիկանությունն ունենալ՝ կամ տվյալ տարածքում քանի որ չարտոնված հանրահավաք էր և պօետք էր հասարակական կարգը վերականգնել, կամ էլ ավելին անել, քան հասարակական կարգի վերականգնումը, իսկ դա արդեն տանում է դեպի նրանց՝ քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկում: Բայց նույնիսկ եթե դա այդպես է, ապա դա կարճ տևեց՝ մի քանի ժամ», -նկատեց միջազգային իրավունքի մասնագետը:
Մեր դիտարկմանը, թե շարունակում են այդ օրերին բերման ենթարկված և ձերբակալված մարդիկ մնալ կալանքի տակ, օրինակ՝ «Ժառանգության» ներկայացուցիչները, Մհեր Մազմանյանը և այլք, Ղազարյանն ի պատասխան ասաց, որ պետք է առանձին-առանձին քրեական գործերով ուսումնասիրել, պարզել բերման ենթարկելու, մեղադրանք առաջադրելու հիմքերը, նոր միայն հայտարարել՝ քաղբանտարկյա՞լ է, թե՞ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները