Վահան Շիրխանյանն այժմ պատանդի կարգավիճակում է. Փաստաբան
Նորք Մարաշում զինված խմբի վնասազերծման գործով իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, քաղաքական գործիչ Վահան Շիրխանյանը արդեն 8 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մի քանի անգամ 2-ական ամիսներով երկարացվել է նրա կալանքի ժամկետը, և քննչական խումբը դա պատճառաբանել է նրանով, որ դեռևս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց համար անհրաժեշտ է, որ Շիրխանյանը մնա անազատության մեջ, որպեսզի չազդի այդ գործողույթունների վրա:
«Սակայն մենք պարզեցինք, որ այդ երկու ամսվա ընթացքում ընդամենը կատարվել է 5 հարցաքննություն, այսինքն՝ 12-13 ժամվա գործողություն, որը կատարել է ամբողջ քննչական խումբը և ոչ թե մեկ քննիչը: Չի կարելի մարդուն ութ ամսից ավել մարդուն պահել փաստացի պատանդի կարգավիճակում: Այն էլ հիվանդ մարդուն»,-հավելեց Ալումյանը:
Ներկայացնելով Շիրխանյանի առողջական վիճակը, փաստաբանն ասաց, որ այս ժամանակաընթացքում առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ժամանակին և սխալ ախտորոշվելու հետևանքով թոքի ինֆարկտ է ստացել:
«Մեզ հարցրին, թե ցանկանո՞ւմ ենք, որ Շիրխանյանը տեղափոխվի Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկ, սակայն, երբ ծանոթացանք այդ հիվանդանոցի պայմաններին, որոշեցինք չտեղափոխել: Նա ունի անոթային խնդիրներ, իսկ օրինակ՝ դատապարտյալների հիվանդանոցում անոթաբան չկա, որ կարող է այդ խնդիրները լուծել: Հիմա մենք այդ կարգի խնդրով դիմում ենք քաղաքացիական հիվանդանոցի մասնագետներին», -հայտարարեց Ալումյանը՝ նշելով, որ Շիրխանյանի վիճակը վատանում է, և նա նույնիսկ իր խցից արդեն չի կարողանում գալ տեսակցության վայր և չի կարողանում մասնակցել քննչական գործողություններին:
Անդրադառնալով կալանքի որոշումներին, փաստաբանն ասաց, որ յուրաքանչյուր որոշում իրենք բողոքարկում են դատական վերին ատյաններում, բայց միևնույն է, մերժվում են: Այժմ Շիրխանյանի պաշտպանական կողմը որոշել է օտարերկրյա մասնագետների օգնությամբ դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
«Եվրոպական դատարանին ներկայացվելիք գանգատի վրա ես չեմ աշխատում: Պարոն Շիրխանյանի հարազատները անհրաժեշտ են համարել որպեսզի նաև այլ երկրներից փաստաբաններ աշխատեն այդ գանգատի վրա և հիմա արդեն սեպտեմբերի առաջին կեսին առաջին գանգատը կլինի Եվրոպական դատարանում», -տեղեկացրեց Ալումյանը:
Շիրխանյանին զինված խմբի գործով նախաքննությունն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությունը մեղադրում է խմբի հետ հանցավոր համագործակցության համար:
«Գործում առկա նյութերը վկայում են այն մասին, որ նա չգիտեր մարդկանց այդպիսի խմբի գոյության մասին և ինքը չէր էլ կարող անդամակցել այդպիսի համագործակցությանը: Սկզբնական փուլում նման մեղադրանք առաջադրվել է և մինչև հիմա այն չի վերանայվել ու բազմաթիվ ապացույցներով այդ մասնակցությունը հանցավոր համագործակցությանը հերքվում է: Ես հիմա կարող եմ ասել, որ Շիրխանյանն ավելի շատ հիմա պատանդի կարգավիճակում է, քան քրեական գործով մեղադրյալի», -հայտարարեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանի մոտ թոքի կաթված են գրանցել
- Փաստաբան. Շիրխանյանը զինված խմբի հետ այնքանով կապ ունի, որքանով որ փորձել են ներգրավել. «Առավոտ»
- Վահան Շիրխանյանի մասով ԱԱԾ-ն դեռ պարզելու հարցեր ունի
- ԱՆ-ից արձագանքել են ՔԿՀ-ում Շիրխանյանին խոշտանգելու մասին հրապարակմանը. «Ժողովուրդ»
- Շիրխանյանը գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո
- ԱԱԾ-ն երկակի ստանդարտներ է կիրառում Վահան Շիրխանյանի նկատմամբ. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին