Վարչապետը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը
«Մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարութան առանցքային հարցերից է և մեր քաղաքականությունն ուղղված է մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Մեղրիի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետն այցելել է Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի, որի շուրջ ՀՀ վարչապետը պայմանավորվածություն էր ձեռք բերել:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության գերակա ուղղություններին համապատասխան ԱՏԳ-ի ստեղծումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հատկապես, Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, լավագույնս կիրացվի առկա տնտեսական ռեսուրսը: Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին:
«Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե արդյունաբերական, թե ենթակառուցվածքային և թե ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը: