Պարտադիր չէ կոնֆլիկտը լուծել փոխզիջումների գնալով. Շիրինյան
«Քարոզչական ինտենսիվ պատերազմի մեջ ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն՝ անդրադառնալով Բակո Սահակյանի վերջին հարցազրույցին:
«Խոսքերը տարբեր են, շահերը տարբեր են, բայց եթե ամփոփենք, կտեսնենք, որ ժողովրդի շահը միակն է, և հայկական երկու պետականություններն էլ ունեն մի շահ՝ ոչ մի թիզ հող: Ես կողմ եմ, որ արյան վերջին կաթիլիով, ատամի վերջին կրճտոցով ոչ մեկին չպիտի թույլ տանք, որ անգամ մի թիզ հող տալու մասին խոսք լինի»,-նշեց Շիրինյանը:
Ըստ նրա՝ ժողովուրդը, վերլուծող հանրությունը պիտի անզիջում կեցվածք ունենա:
Հանդիպմանը ներկա քաղաքգետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով էլ՝ Բակո Սահակյանն իր հացազրույցում խոսել է խելամիտ, իրատեսական փոխզիջումների անհրաժեշտության մասին, նա այլ բան չի ասել:
Նրա կարծիքով՝ կոնֆլիկտների լուծման համար պետք է լինեն ինչ-որ փոխզիջումներ, բայց թե ինչ փոխզիջումների մասին է խոսում Բակո Սահակյանը, ինքն ասել չի կարող:
«Կոնֆլիկտի կարգավորումը գալիս է դրա պատճառի վերացումից: Պատճառը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա չպետք է լինի ադրբեջանական իշխանություն ոչ մի դեպքում: Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո ԼՂՀ-ն պետք է լինի միջազգայնորեն ճանաչված անկախ հանրապետություն»:
Շիրինյանը, սակայն, համամիտ չէր գործընկերոջ կարծիքի հետ: Նրա համոզմամբ պարտադիր չէ կոնֆլիկտը լուծել փոխզիջումների գնալով: