Գոռ Մինասյան. «Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը»
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը գոհ է իր բարձրացրած քաշերից:
«Բոլորին չէ, որ հաջողվում մասնակցել Օլիմպիական խաղերին: Կարծում եմ` բոլորը գոհ են իմ արդյունքից, անձնական նոր ռեկորդներ եմ գրանցել և օլիմպիական արծաթ եմ նվաճել մեր երկրի համար: Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը, քանի որ մինչև հիմա Օլիմպիական խաղերի 19-ամյա մեդալակիր չենք ունեցել: Եթե ինձ հաջողվեր երկրորդ մոտեցմամբ բարձրացնել պատվիրած քաշը, ապա կկարողանայի ավելի բարձր քաշերի էլ մոտենալ: Պոկում վարժությունը թեժ ստացվեց, նույնը չեմ ասի հրում վարժության մասին: Ինձ համար նոր մրցակիցներ չկային, բոլորին էլ ճանաչում էի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից: Չեմպիոնի հետ արդեն 6 տարի շարունակ մրցում ենք»,- Մինասյանի խոսքերը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը 105+ քաշային կարգում երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է օլիմպիական փոխչեմպիոն: Այս քաշային կարգում օլիմպիական ռեկորդ է սահմանել վրացի Լաշա Տալախաձեն՝ 473 կգ: