Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը հատվել են. «Էկոլուր»
ԷկոԼուրը երեկ ահազանգ է ստացել, որ հատվել են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն թանգարանի բակի ծառերը: ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանը հայտնել է. «Հատված ծառերը եղեևնիներ են, շատ բարձր ծառեր էին: 2015թ-ի նոյեմբերի 12-ի ուժեղ քամուց թանգարանի բակի 2 ծառերի կատարները պոկվել էին, մեկը վնասել էր թանգարանի տանիքը, մյուսը արձանը: Ես դիմել եմ թանգարանի տնօրենին, վերջինս էլ պատկան մարմիններին:
Լոռու մարզի բնապահպանական տեսչության կողմից այց է կատարվել թանգարանի տարածք և որոշվել է հատել բոլոր եղևնիները, քանի որ մտավախություն է եղել, որ նոր տապալումներ կլինեն: Բացի այդ, ծառերի արմատներից բակի քարերը բարձրացել էին»:
Ռոզա Ղազումյանն ասել է, որ այս աշնանը նախատեսվում է թանգարանի բակի կանաչապատում կամ դեկորատիվ ծառերով, կամ թփերով: Լոռու մարզպետարանը խոստացել է աջակցել:
Լուսանկարներում ծառերը հատելուց առաջ և հետո