Ես չեմ հասկանում՝ դուք հաճո՞ւյք եք ստանում զիջումների մասին խոսելով. Շավարշ Քոչարյան
«Առհասարակ, փոխզիջումների մասին խոսելը պարտվողականություն է, որովհետև առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Այ երբ Բաքուն խոսի զիջումների մասին, էն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին», -այսօր կառավարության նիստից հետո լրագողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ արձագանքելով վերջին օրերին ակտիվ դարձած փոխզիջումների մասին հայտարարություններին:
Փոխնախարարը կոռեկտ չի համարում Ադրբեջանի լռության պարագայում նման հարցեր բարձրացնել Հայաստանում: Ավելին, ըստ փոխնախարարի, քանի դեռ ադրբեջանական կողմը ավելի է կոշտացնում իր հայտարարությունները բանակցությունների վերաբերյալ, ապա հայկական կողմը զիջումների մասին «անիմաստ է», որ խոսի:
Լրագրողը պնդեց, թե ի՞նչ ունի հայկական կողմը զիջելու, և Շավարշ Քոչարյանը արձագանքեց հարցով. «Ես չեմ հասկանում՝ դուք հաճո՞ւյք եք ստանում զիջումների մասին խոսելով: Ինչո՞ւ Ադրբեջանում ես չեմ լսել որևէ մի անգամ որևէ մի լրագրող հարցնի Բաքվին՝ իսկ դուք ի՞նչ զիջումների եք պատրաստ»:
Քոչարյանը ընդգծեց, որ հակամարտության լուծման բանակցային գործընթացը առաջ շարժվելու համար ենթադրում է պատրաստակամություն գնալ փոխզիջումների և հավելեց. «Քանի դեռ կողմերից որևէ մեկը երբևիցե չի հայտարարել, թե ինչ զիջումների է պատրաստ, ապա կոնկրետացնել, խոսել հայկական կողմի զիջումների մասին, տակտիկական, ստրատեգիական կոպիտ սխալ է»:
Հարցին, թե նույն բանակցությունների շրջանակում ի՞նչ է պահանջում հայկական կողմը, Քոչարյանն ի պատասխան նկատեց, որ բանակցություններում հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պետք է երաշխավորված լինի ԼՂՀ ժողովորդի և պետության անվտանգությունը:
«Այս երկու հարցադրումը հստակ դրված է ու դրանց մասին բազմիցս ասվել է: Իսկ ինչ վերաբերում է դետալներին, թե ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր է և պայմանավորված է այն կողմի դիրքորոշմամբ, որը բանակցությունների մեջ է, այսինքն՝ մեր հակառակորդի դիրքորոշմամբ: Իսկ նրա դիրքորոշումը շատ կոշտ է ու այդ պարագայում խոսել դետալների մասին ուղղակի անիմաստ է», -հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին