Գագիկ Մինասյան. «Փոխզիջումներից առաջինը ԼՂՀ կարգավիճակի խնդիրն է»
«Անհրաժեշտ է մեկ անգամ ևս հասարակությանը հստակ ներկայացնել այն էտապները, որոնցով պետք է անցնի ղարաբաղյան խնդրի կարգավորման ամբողջ գործընթացը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Սկսելով ամենավերջին էտապից՝ պատգամավորն ասաց, որ դա խնդրի կարգավորման համաձայնագրի էտապն է, որն էլ իր հերթին բաղկացած է ենթափուլերից. «Այս մեծ էտապին բնականաբար այս 25 տարիների ընթացքում երբեք չենք հասել և, եթե ուշադիր եք եղել, ադրբեջանցիները պարբերաբար ասում են, որ եկեք միանգամից սկսենք սրանից՝ նախորդները մի կողմ դնելով: Դա բնականաբար հայկական երկու կողմերի և համանախագահող երկրների ներկայացուցիչների համար ընդունելի չէ»:
Մինասյանի խոսքով՝ դրան նախորդող փուլը այդ մեծ համաձայնագրի սկզբունքների համաձայնեցումն է, որը հաղթահարելու փորձեր եղել են, սակայն չի հաջողվել գալ համաձայնեցված փաստաթղթի: Իսկ առաջին փուլը առաջարկություններն են, որտեղ որ մենք հիմա գտնվում ենք:
«Վերջերս մեզանում խոսվում է տարբեր փոխզիջումների մասին: Պետք է նշել, որ ընդհանրապես բանակցային գործընթացն իր առանձնահատկություններով պետք է ծածկված լինի որոշակի ինֆորմացիոն պատնեշով, որը թույլ կտա բանակցողներին հասնել մինչև վերջնական փուլ, որից հետո ամեն ինչ դառնում է հասարակության համար ընկալելի, քննակելի և հասարակությունն ունի իր հնարավորությունը անդրադառնալու այդ փաստաթղթի ստորագրման, կամ չստորագրման վրա»,-նշեց ԱԺ պատգամավորը:
Ինչ վերաբերում է տարածքների՝ որպես փոխզիջման առարկա քննարկմանը, նա ասաց. «Փոխզիջման առարկաները շատ տարբեր կարող են լինել, և դրանց քննարկումները հասարակության տարբեր շերտերում առաջացնում են ոչ համարժեք ընկալումներ պրոցեսի մասին»:
Գագիկ Մինասյանի խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների տարբերակով և փոխզիջումներից առաջինը ԼՂՀ կարգավիճակի խնդիրն է:
«Ես հետևում եմ ադրբեջանական մամուլին, չեմ տեսնում, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կհամաձայնի այն պնդմանը, որը ՀՀ-ն ասում է 88 թվականից՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանից անկախ, ինքնիշխան պետություն»,-ավելացրեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին