Շիրակում հացահատիկի բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները. գյուղնախարար
«Հացահատիկի, հատկապես ցորենի, արտադրության ծավալներով Շիրակի մարզը հանրապետության առաջատարն է` ապահովելով երկրի ողջ արտադրության 25 տոկոսից ավելին»,-այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ նախօրեին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախորդ տարի մարզում արտադրվել է մոտ 92600 տոննա ցորեն, մինչդեռ ընթացիկ տարում սպասվում է 6-7 հազար տոննա ավել բերք:
Լրագրողների հետ ճեպազրույում նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ թեև Շիրակի մարզում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը դեռևս ընթացքի մեջ է, սակայն արդեն իսկ կարելի է եզրակացնել, որ տարին մարզի համար բավականին բարենպաստ է, և հացահատիկի բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշները: Նախարարի խոսքով, դրան նպաստել է մոտ 3350 հեկտարով հացահատիկի ցանքատարածությունների ավելացումը, ինչպես նաև բերքատվության բարձրացումը: