Արամ Մանուկյանը ներկա կլինի դատական նիստին
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամ իր կալանքի որոշման բողոքարկման գործով դատական նիստին Արամ Մանուկյանը դատարան չի բերվել:
Դատական նիստից հետո Մանուկյանի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ինքը միջնորդել է դատարանին, որպեսզի բողոքի քննությանը ներկա գտնվի նաև իր պաշտպանյալը, և դատարանը բավարարել է միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա օգոստոսի 23-ին, փաստաբանի խոսքով, ներկա կգտնվի նաև Արամ Մանուկյանը:
Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց նաև, որ նախաքննական մարմնի ներկայացրած կալանքի միջնորդության քննարկման ժամանակ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ևս Արամ Մանուկյանի ներկայությունն ապահովված չէր, քանի որ նա նոր էր վիրահատվել:
Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում փաստաբանը նշել է, որ Արամ Մանուկյանը իր առողջական վիճակից ելնելով հնարավորություն չունի խուսափել քննությունից ու խոչընդոտել քննությանը:
«Նախաքննական մարմինն էլ ասում է, թե Արամ Մանուկյանը ծանր հանցանք է գործել, ինչն էլ միակ հիմքն է կալանավորելու համար: Մենք էլ պնդում ենք, որ Արամ Մանուկյանն ունի անբասիր վարքագիծ, ու բացառվում է, որ նա կխոչընդոտի քննությանը», -հավելեց պաշտպանը:
Ինչ վերաբերում է Արամ Մանուկյանի առողջական վիճակին, Ինեսա Պետրոսյանն ասաց, որ երեկ տեսակցել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալներին:
«Արամ Մանուկյանի վիճակը փոքր ինչ բարելավել է, քան Պավել Մանուկյանի վիճակն է: Բժիշկների ու հենակների օգնությամբ նա կարողացել է մեկ-երկու քայլ առողջ ոտքով առաջ գնալ: Մյուս ոտքը մի քանի ամիս չի կարող գետնին դնել»,- փոխանցեց տիկին Պետրոսյանը: