Հազարավոր մարդիկ պահանջում են վերացնել Միհրան Հարությունյանի նկատմամբ անարդար որոշումը. #Mihranismychampion
8000-ից ավելի մարդ է մասնակցել «Change.org» կայքում նախաձեռնված ստորագրահավաքին, որի պահանջը մեկն է՝ վերականգնել օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում`սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտում պարտված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը:
Կայքում տեղադրված խնդրագրի տեքստն այսպիսին է. «Օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում`սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով: Դա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար, և ամբողջ աշխարհը դարձավ այն փաստի վկան, թե, իրականում, ով է չեմպիոնը:
Անարդարությունը կարող է ազդել, և տաղանդավոր մարդիկ կարող են հեռանալ մեծ սպորտից: Արդյո՞ք դա պատվի է բերում Ռիո-2016-ին: Կոչ ենք անում տարբեր երկրների ֆեդերացիաներին, Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիաներին միանալ և վերականգնել արդարությունը: Յուրաքանչյուր անարդար որոշում ստվեր է նետում Օլիմպիական խաղերի վրա: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է միանան այս խնդրագրին և միջոցներ ձեռնարկեն արդարությունը վերականգնելու ուղղությամբ»:
Բացի այդ, սոցիալական ցանցերում բազմաթիվ երկրպագուներ ևս պահանջում են վերականգնել արդարությունը և կոչ անում Հայաստանի սպորտի ղեկավարությանը՝ բողոքարկել նման որոշումը:
Մասնավորապես, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
« Միհրանի նկատմամբ իրագործված դատաստանը, պարզվում է, երկար պատմության շղթայի մեկ օղակն է միայն. տղայի բոլոր առումներով վաստակած չեմպիոնությունն արդեն որերորդ անգամ գողանում են իրենից: Պատճառը՝ սեփական ԵՍ-ի, արժանապատվության բարձր զգացումն է, անհնազանդությունը իրենց միջազգային սպորտի «արքա»' հռչակած սափրագլուխներին, նաև՝ որոշումը Հայաստան տեղափոխվելու և մեր եռագույնի տակ իր սպորտային կյանքը շարունակելու: Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտավոր են այս դեպքի կապակցությամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննություն պահանջել և սպորտային դատավարության ամենաբարձր ատյաններում վերականգնել արդարությունը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատվանդան»:
Նկատենք, որ Օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում դիմելով Միհրան Հարությունյանին, գրել էր. «Ես քո ցավը տանեմ, դու ես իսկական չեմպիոնը»:
Ավելին, Vivaro ընկերությունը երեկ հայտարարել էր, որ մրցավարական կողմնակալության պատճառով ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակչում հաղթանակը շնորհվեց սերբ Դավոր Շտեֆանեկին, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը ստացավ միայն արծաթե մեդալ: Ընկերությունն իր էջում գրել էր.
«Ողջ հայ ազգի նման Միհրան Հարությունյանին համարելով այդ գոտեմարտի իրական հաղթող և Օլիմպիական չեմպիոն, հաղթած է համարում նաև բոլոր այն խաղադրույքները, որոնք կատարվել էին հայ ըմբիշի՝ չեմպիոն դառնալու վրա: Ուստի, Միհրանի հաղթանակի վրա խաղադրույք կատարած մեր մի քանի հազար օգտատերերը կստանան իրենց շահումները՝ թե՛ օրդինար, թե՛ էքսպրես տեսակի տոմսերում»:
Նշենք նաև, որ ակտիվորեն շրջանառվում է նաև #Mihranismychampion հեշթեգը:
Հարակից հրապարակումներ`
- Ռիոյում՝ ոչ, բայց Վիվառոյում Միհրան Հարությունյան համարվում է հաղթած
- Այս ամենը կեղտ է. Միհրան Հարությունյան
- Միհրան Հարությունյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան