Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ»
Արդեն բավական երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն: Նախօրեին Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի կողմից օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու մասին լուրերն էլ ավելի ակտիվացան. գրել է «Ժողովուրդ»-ը:
Թերթը Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանից փորձել է պարզել, թե ԲՀԿ նախկին առաջնորդի վերադարձը քաղաքականություն որքանով է հավանական:
«Առիթ ունեցել եմ նմանատիպ լուրերին ի պատասխան ասելու, որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության կազմակերպման ու համակարգման աշխատանքներով և ուրիշ հարցերի մասին անգամ չի էլ մտածում: Այս պահին ևս մեկ անգամ վերահաստատում եմ արդեն իսկ ասվածը: Իսկ ենթադրյալ իրադարձություններ կամ կանխատեսվող գործողություններ սկզբունքորեն չեմ մեկնաբանում»: