«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը՝ փախստական երեխաներին և որբերին
«Ավրորա» անդրանիկ մրցանակի 1 միլիոն դոլարի նվիրատվությունն ուղղվելու է Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Բրազիլիայում իրականացվող նախագծերին՝ պայքարելու մանկական աղքատության դեմ և նպաստելու փախստական երեխաներին ու որբերին ցուցաբերվող աջակցությանը։ Այս մասին տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
«Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն այս տարի ստացավ 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և առավել ազդեցություն գործելու հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած և ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամներին, որոնք իրենց հերթին այսօր հայտարարեցին այն նախագծերի անունները, որոնց կուղղվի մրցանակի ֆինանսական աջակցությունը։
««Ավրորա» մրցանակը յուրահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս ինձ կիսելու պարգևը՝ ինձ շատ հուզող հիմնահարցերի լուծման համար,- ասել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն,- մրցանակի միջոցով մենք կարող ենք աշխարհի տարբեր կողմերում ապրող երեխաներին իսկապես ցույց տալ սիրո և բարության զորությունն ընդդեմ ատելության ու դաժանության»։
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամը դրամաշնորհի իր բաժինը կուղղի Եգիպտոսից Եթովպիա գաղթած էրիտրեացի 200 փախստականների օժանդակությանը։ Այս նախագծի նպատակն է պաշտպանել երիտասարդներին թրաֆիքինգից և բանտարկությունից, իրականացնել մասնագիտական վերապատրաստում և կառուցել կրթական կենտրոն, որտեղ կարող են սովորել տարեկան առնվազն 200 փախստականներ։
«Ավրորա» մրցանակը կօժանդակի նաև «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին՝ աջակցելու լքված, բռնությունից և այլ դժվարություններից տուժած երիտասարդ կանանց ու աղջիկներին վերաինտեգրման, կրթական և տնտեսական-վերականգնողական աջակցության հնարավորություններ ընձեռնելու միջոցով։
«Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը նախատեսում է դրամական միջոցներն ուղղել Ռիո դե Ժանեյրոյի առավել աղքատ թաղամասերի երիտասարդ բնակիչներին կրթության հնարավորություններ ընձեռնելուն։ Իրականացվելու է 100 երեխաների և 67 մեծահասակների համար քաղաքացիական կրթության ծրագիր՝ հմտություններ, որոնք անհրաժեշտ են թմրանյութի թրաֆիքինգի ծուղակներից պաշտպանվելու համար։ Ռուանդայի կաթոլիկ թեմի հետ համատեղ՝ նրանք միջոցներ կուղղեն նաև դպրոցական ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացմանը՝ վերանորոգելով դասարանները, գրասենյակները և սանհանգույցները:
Երեք կազմակերպությունները շարունակելու են աջակցել Մարգարիտ Բարանկիցեի «Խաղաղության Տանը», որը կրթական և արհեստագործական վերապատրաստման միջոցով սոցիալ-տնտեսական օժանդակություն է ցուցաբերում Ռուանդայում բուրունդացի փախստականներին՝ վերականգնելով որբերի, փողոցում կամ բանտում հայտնված երեխաների և աղքատ ընտանիքների զավակների արժանապատվությունը։ Մարգարիտ Բարանկիցեն «Խաղաղության Տունը» հիմնել է 1993թ.` դառնալով 25 որբերիի խնամակալ, և մինչ օրս աջակցել է 30,000 որբերի և կարիքավոր երեխաների։
«Մենք մեծ բավականություն ենք զգում՝ տեսնելով, որ «Ավրորա» անդրանիկ մրցանակն իրական և էական փոփոխություն է բերում աշխարհի տարբեր երկրների ամենակարիքավոր համայնքներին: «Ավրորա» մրցանակը՝ որպես նախաձեռնության մի մաս, ստեղծվել է միանալու աշխարհում կատարվող բացառիկ գործերին՝ որպիսին է Մարգարիտ Բարանկիցեի գործունեությունը։ Մարգարիտն ու իր ընտրած կազմակերպությունները մրցանակային պարգևն ուղղելու են բարեգործության շղթան շարունակելու և աշխարհը բարեփոխելու ջանքերին»,-ասել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել «Ավրորա» մրցանակի թեկնածուի
- Տրվել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը
- «Ավրորա»-ի» դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա Թուրքիայում
- The Telegraph-ը, The Guardian-ն ու Reuters-ն անդրադարձել են «Ավրորա» մրցանակաբաշխությանը
- «Ավրորա»-ի դափնեկիրն իր խոսքում հիշեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» երգը
- ՀՀ Նախագահը ներկա է գտնվել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողությանը
- «Ավրորա»-ի դափնեկիր. Որևէ բան չի կարող հաղթել սիրուն... ոչինչ
- «Ավրորա» մարդասիրական մրցանակը շնորհվեց 30. 000 երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեին
- «Ավրորա»-ի հավակնորդ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա. «Վստահ եմ, որ մի օր միասին մենք կփոխենք աշխարհը»
- «Ավրորա». New York Times-ի թղթակիցը ստացավ իր մրցանակը
- «Ավրորա», ուղիղ եթեր. SYOA-ի կատարման ժամանակ էկրանին ցուցադրվել են զոհված զինվորների նկարները
- «Ավրորա» մրցանակին աջակցելը մեծ բարիք է Հայաստանի համար. Շառլ Ազնավուր
- «Ավրորա»-ի հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին