Չեմ կարծում, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հասնեն ռազմավարական գործընկերության. Կիրո Մանոյան
Թուրքիայում ճիշտ է տապալվեց ռազմական հեղաշրջման փորձը, բայց հաջողվում է և ընթացքի մեջ է Էրդողանի հեղաշրջման փորձը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Դրա մասին Էրդողանը զգուշացրեց հենց այդ ռազմական փորձի ժամանակ, երբ ինքը վերաձավ Ստամբուլ և հայտարարեց՝ «կարծես թե, որ սա աստծուց ուղարկած բարիք էր, որ մենք կարողանայինք հարկ եղած մաքրագործումը կատարել»... Բերման է ենթարկվել մոտ 60 հազար մարդ, ձերբակալվել` մոտ 20 հազար մարդ, դրա համար էլ բանտերում տեղ չկա, և դատապարտվածներից մի մասին հիմա պետք է ազատ արձակեն, որպեսզի տեղ լինի նորերի համար: Բայց անցնելով ամեն սահման՝ հիմա սկսել են նաև մասնավորի վրա աշխատել»,-մանրամասնեց Մանոյանը:
Թե որքանով է սա իր ազդեցությունն ունենում տարածաշրջանային քաղաքականության վրա Մանոյանը նշեց, որ այն հատկապես նկատելի է Սիրիայի հետ կապված խնդիրների վրա, քանի որ թուրքերն արդեն սկսել են խոսել այն մասին, որ Սիրիայի խնդրի լուծումն առանց Ռուսաստանի այլևս չեն պատկերացնում. «Այսինքն՝ կարծես թե, իրենք պատրաստ են իրենց մոտեցումները Սիրիայի հարցում առնվազն որոշ փոփոխության ենթարկել: Չեմ կարծում, որ կլինեն հատուկ այլ փոփոխություններ տարածաշրջանային քաղաքականությունում: Դրական իմաստով ոչինչ չի փոփոխվի»:
Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության ֆորմատի իրական լինելուն՝ ՀՅԴ բյուրոյի անդամի կարծիքով դրանք խորքային բնույթ չեն ունենա:
«Նրանք ավելի շատ Արևմուտքի նկատմամբ կեցվածի պատճառով են այսպիսի միասնական կերպար որդեգրում: Չեմ կարծում, որ հասնեն ռազմավարական գործընկերության, բայց կունենան որոշակի գործակցություն՝ առնվազն առևտրատնտեսական բնագավառում: Իսկ ռազմավարականի չեն հասնի, քանի որ ունեն տարածաշրջանում շահերի տարբերություններ, անվստահություն: Այսօր նրանց միակ համընկնող շահը Արևմուտքի նկատմամբ իրենց կեցվածքն է»,-նշեց Կիրո Մանոյանը: