Ինչո՞ւ Մխիթարյանը չի ընդգրկվում «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում
Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանին մրցաշրջանում անցկացրած պաշտոնական երկու խաղից և ոչ մեկում չի ընդգրկել մեկնարկային կազմում։ Հարձակողական ոճի հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում է հայտնվել հուլիսի սկզբին՝ տեղափոխվելով Դորտմունդի «Բորուսիայից»։
Երեկ կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Մխիթարյանի վերաբերյալ հարցին, Մոուրինյոն շեշտել է, որ նա դառնալու է թիմի առանցքային խաղացողը։
«Լեստերի» հետ խաղում համարում էի, որ մեզ պետք է Լինգարդի արագությունը, իսկ «Բորնմուտի» հետ խաղում վստահ էի, որ Խուան Մատան կօգնի պաշտպանվել։ Երկու խաղում էլ որոշեցի օգտագործել Ուեյն Ռունիին՝ նրան Զլատան Իբրահիմովիչին մոտիկ դիրքավորելով։ Երբ որոշ մարզիչներ գնում են ֆուտբոլիստների, զգում են, որ պետք է պաշտպանեն իրենց ընտրությունը՝ այդ խաղացողներին անընդհատ դուրս բերելով խաղադաշտ։ Ես այդպիսին չեմ, կարևորը թիմն է և այն, թե ես ինչն եմ ավելի կարևոր համարում թիմի համար։
Շարունակում եմ ասել, որ Մխիթարյանը սուպեր ֆուտբոլիստ է և մրցաշրջանի ընթացքում շատ բան կտա մեզ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.com-ը։