Գյումրիում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվողների կուսակցական որևէ ցուցակում չեմ ընդգրկվելու. Վ. Թումասյան
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Այսօր վերջնականապես որոշում եմ կայացրել Գյումրիում 2016 թ. հոկտեմբերի 2-ին, պատմության մեջ առաջին անգամ համամասնական կարգով կայանալիք ՏԻՄ ընտրություններին չմասնակցել:
Նախ ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր այն կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ինձ վստահեցին ու առաջարկեցին ընդգրկվել ավագանու անդամության թեկնածուների իրենց ցուցակներում կամ գլխավորել այդ ցուցակները:
Անշուշտ, նման որոշում կայացնելը հեշտ չէր անկախ Հայաստանի պատմության ընթացքում բոլոր հասարակական ու քաղաքական անցուդարձների ակտիվ մասնակցիս համար, առավել ևս՝ երկրի և Գյումրու համար ծանր ու դժվարին այս ժամանակաշրջանում: Սակայն ընտրական օրենսգրքի փոփոխության և չկայացած կուսակցական համակարգի պայմաններում միմիայն կուսակցական ցուցակներով ՏԻՄ ընտրությունների կազմակերպման պարագայում գերադասում եմ որդեգրել ակտիվ ու շարքային ընտրողի կարգավիճակը:
Ինչպես ամեն օր, նախընտրական լարված օրերին ևս շարունակելու եմ իմ սովորական աշխատանքային առօրյան «Շիրակ կենտրոնում» և օգնել մարդկանց ճիշտ այնքան, որքան ներում են իմ և մեր կազմակերպության ուժերը:
Այնուհանդերձ, Գյումրու քաղաքապետի ով լինելը ինձ ու իմ համախոհների համար շատ կարևոր է, և չի բացառվում ավելի ուշ այդ մասին հրապարակային ելույթս»: