Արայիկ Խանդոյանը ցանկանում է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, բայց լիազորագիրը չեն հաստատում. Հայտարարություն
«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) ցանկանում է առաջադրվել Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի ընտրություններում, սակայն որոշ խոչընդոտների է հանդիպել:
Իր փաստաբան Արայիկ Պապիկյանի միջոցով տարածած հայտարարության մեջ Խանդոյանը ասում է.
«Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և Հատուկ քննչական ծառայությունը չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է իմ Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին:
Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանությունները ավելացնում են ևս մեկ սպօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը:
Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ:
Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ, Անկախ և ժողովրդավար Հայաստանը»:
Ծաղկահովիտում ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ին:
Արայիկ Խանդոյանը մեղադրվոււմ է ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանի ակնոցը չեն տալիս, և նա չի կարողանում գրել ու տեսնել. Փաստաբան
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը կալանավորվել են
- Փաստաբան. Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել
- Արայիկ Խանդոյանի ընտանիքին օգնելու համար ավելի քան 30 հազար է հանգանակվել. ՀԺ