Դատախազը առարկել է Սանասարյանի համար ներկայացված միջնորդությանը
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված Դավիթ Սանսարյանի կալանքի որոշման բողոքարկման գործով Վերաքննիչ քրեական դատարանը այժմ խորհրդակցական սենյակում է:
Դռնփակ դատական նիստից հետո Սանասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը հայտարարեց, որ այսօր մինչև օրվա վերջ կհրապարակվի որոշումը, հստակ ժամ չի ասվել:
Ռևազյանը բողոքարկում էր Սանասարյանի ձերբակալման, այնուհետև՝ կալանավորման մասին որոշումը և միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարանին՝ Սանասարյանին գրավով ազատելու մասին:
«Եթե այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ կալանավորումը եղել է հիմնավոր, մենք միջնորդեցինք, որ որպես այլընտրանք կիրառվի գրավ, բայց դատախազը առարկեց գրավի դեմ՝ պատճառաբանելով, թե գրավը երաշխիք չէ, և Սանասարյանը կարող է թաքնվել քննությունից», -ներկայացրեց Ռևազյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Դավիթ Սանասարյանը բերման էր ենթարկվել, ձերբակալվել, իսկ օգոստոսի 1-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարելով քննիչի միջնորդությունը, որոշել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակել երկամսյա կալանքը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:
Հարակից հրապարակումներ`
- Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ. Փաստաբան
- Հիմա առավել, քան երբեք, հասկանում եմ ազատության արժեքը. Սանասարյան
- Սանասարյանի առողջականի վատթարացման մասին տեղեկությունները իրական չեն. Պաշտպանի աշխատակազմ