Միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների վրա չհենվող երկիրը թույլ է. նախարար
«Մեր երկրի համար շատ կարևոր ուղղվածություն է միջին մասնագիտական կրթությունը: Եթե երկիրը չի հենվում այս ոլորտի շրջանավարտ մասնագետներով ձևավորված շերտի վրա, ապա այդ երկիրը բավականին թույլ է»,-այսօր նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Մեր հասարակության մեջ չկա այն գիտակցումը, որ կրթությունն իր յուրաքանչյուր աստիճանի վրա պետք է ունենա ելք դեպի կյանք և վերադարձ: Կա այն գիտակցումը, որ կրթությունը պետք լինի անընդհատ և արագացված՝ դպրոցից մինչև ասպիրանտուրա: Ուսանողը դեռևս չի գիտակցում, որ կրթական մի աստիճանն ավարտելուց հետո պետք է դեռ աշխատի, ստանա կրթական արդյունքի անդրադարձն աշխատաշուկայում, նոր ընտրի իր հետագա ճանապարհը: Եթե, օրինակ, միջին մասնագիտական կրթական հաստատությունը ծառայի միայն մյուս փուլի՝ բակալավրի համար ուսանողների մատակարարմանը, այն իր հիմնական առաքելությունը չի կատարի, քանի որ սա այն կարևոր օղակն է, որը պետք է ապահովի ելք դեպի աշխատաշուկա»,-նշել է նախարարը:
Ըստ նրա՝ ոլորտի մյուս խնդիրը մասնագիտությունների և չափորոշիչների կապն է կյանքի հետ. եթե մասնագիտությունը չի արձագանքում կյանքի դժվարություններին, ընտրված չափորոշիչները չեն հաղթահարում մարտահրավերները, ապա ոլորտը կանգնում է լուրջ խնդիրների առջև: Հետևաբար, կարևոր է այսօրվա աշխատաշուկային համարժեք քայլելը:
«Իհարկե, նախ աշխատաշուկան պետք է իր պահանջները ամփոփի, որ կրթական հաստատությունն այդ պատվերը կարողանա ընդունել: Մյուս խնդիրը մեր երկրի սոցիալական վիճակը ստիպում է, որ կրթությունն իր վրա վերցնի նաև սոցիալական պատվեր: Հատկապես մարզում առկա կրթական հաստատությունը կատարում է նաև սոցիալական մեծ առաքելություն: Հետևաբար, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու մարզերի ուսումնական հաստատությունները»,-ավելացրել է Լևոն Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները