Պերմյակովի վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստում գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է պաշտպանական ճառը:
Երբ դատարանը հարցերց, թե արդյոք ամբաստանյալը ունի՞ ցանկություն ներկայացնելու իր վերջին խոսքը, Պերմյակովը հրաժարվեց խոսել: Իր դատավարության գրեթե ողջ ընթացքում Պերմյակովն այդպես էլ լուռ մնաց, իսկ հարցերին պատասխանում էր՝ կցկտուր, կարճ:
Նախորդ դատական նիստում, հիշեցնենք, մեղադրական ճառով հանդես եկավ մեղադրող Գևորգ Գևորգյանը՝ միջնորդելով Պերմյակովին մեղավոր ճանաչել մեղադրանքի ողջ ծավալով ու դատապարտել ցմահ ազատազրկման:
Պերմյակովի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրողը Պերմյակովի համար ցմահ ազատազրկում է պահանջում
- Պերմյակովի գործով Ռուսաստանը չի կարող պատասխանատվությունից խուսափել. Փաստաբան
- Պերմյակովի գործով դատավորը կաշկանդված է ՌԴ ռազմաբազայում գործը քննելով. փաստաբան
- Պերմյակովի գործով Հայաստանի դատարանը մերժեց Ռուսաստանի դեմ ներկայացված քաղհայցը
- Երկար ընդմիջումից հետո վերսկսվում է Պերմյակովի դատավարությունը