Վարուժան Սուքիասյան. «Գևորգ Ղազարյանը նույնպես հրավիրվել է հավաքական»
ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն անդրադարձավ այն ֆուտբոլիստների ցուցակին ու ընտրությանը, ովքեր հրավիրվել են՝ մասնակցելու օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպմանը և սեպտեմբերի 4-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան խաղին:
«Այս անգամ նպատակահարմար ենք գտել՝ հրավիրելու հենց այս ֆուտբոլիստներին: Նախորդ հավաքի համեմատությամբ բացակայում են Էդգար Մանուչարյանը և Տիգրան Բարսեղյանը: Պատճառները տարբեր են. Մանուչարյանն առայժմ թիմ չունի և զրկված է խաղային պրակտիկայից, իսկ Տիգրան Բարսեղյանը չի հրավիրվել առողջական որոշակի խնդիրների պատճառով:
Այս անգամ հավաքական է հրավիրվել Ռուսլան Կորյանը, ով միշտ մեր տեսադաշտում է եղել, համարվել է հավաքականի լիարժեք թեկնածու և նախորդ հավաքին բացառապես վնասվածքի պատճառով չի մասնակցել: Կորյանը հիմա շատ լավ մարզավիճակում է և վերջին խաղում դարձել է դուբլի հեղինակ:
Այս անգամ հրավիրել ենք նաև Դավիթ Արշակյանին, ով մինչև ԱՄՆ տեղափոխվելը նույնպես լավ մարզավիճակում էր:
Չնայած նախնական ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին, հրավիրել ենք նաև Գևորգ Ղազարյանին: Մինչև վերջին հանդիպումը ցանկանում էի դիտել նրա խաղը և համոզվել, որ լավ մարզավիճակում է ու կարող է օգտակար լինել հավաքականին: Կարևոր է, որ Գևորգը խաղային մշտական պրակտիկա ունի:
Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա վերջնական ընտրությունը կկատարենք Հայաստանի առաջնության հերթական տուրից հետո: Դեռ ժամանակ ունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու