Վանաձորում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ: Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, օգոստոսի 17-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում ապօրինի հատվել է փշատերև 6 հատ ծառ՝ պատճառելով զգալի չափերի վնաս:
Դեպքի առթիվ 2016 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով ՝ «անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել»: Կատարվում է նախաքննություն:
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր կատարվածի մասին և ներկայացրել տեսանյութ, որտեղ երևում էր կանաչ, փարթամ ծառերը՝ հատված, գետնին ընկած:
Լուսանկարները՝ Կորյուն Շեկոյանի ֆեյսբուքյան էջից