Իրանի պաշտպանության նախարարը՝ ռուս-իրանական ռազմական համագործակցության մասին
Համադանում ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայված չեն,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով ԻԻՀ Համադան նահանգում Իրանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությանն առնչվող հարցին, մասնավորապես ասել է. «Քանի դեռ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրներն ունեն համատեղ նպատակներ, Ռուսաստանի հետ կշարունակենք մեր ռազմական համագործակցությունը։ Եթե այն ընդլայնելու անհրաժեշտություն լինի, ապա այդ հարցը կքննարկենք»:
Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով Համադանում ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր տեղակայվելու մասին տեղեկատվությանը, ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Իրանի պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաև, որ ռուսական S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեծ մասը փոխանցվել է Իրանին, և մեկ ամսվա ընթացքում այդ համակարգերն ամբողջությամբ կլինեն Իրանի տրամադրության տակ: