Ռուսական ռազմաօդային ուժերի տեղակայումը բացառիկ թույլտվություն է Իրանի կողմից. իրանագետ
Ռուս-իրականական ռազմական համագործակցությունը որակապես նոր փուլ է թևակոխում, և եթե մինչ այժմ այն բնութագրվում էր ռազմատեխնիկական համագործակցությամբ, ապա այսուհետ գործ ունենք ռուս-իրանական օդատիեզերական համագործակցության ձևաչափի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Կարեն Մկրտչյանը:
Ըստ նրա կարծիքի՝ հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները և Ռուսաստանի ներգրավումն այդ գործընթացին՝ ճնշելու տեսակետից, փաստորեն ռուսական կողմը կարողացել է Իրանի «Համադան» ռազմական օդանավակայանից թռիչքներ կատարել և ճնշել սիրիական ահաբեկչական խմբավորումներին:
«Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումից հետո ռուսական կողմն այսուհետ իր դիրքերն է ամրապնդում Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում՝ Սիրիայում և Իրանում: Ռուսական ռազմաօդյաին ուժերի տեղակայումը բացառիկ թույլտվություն է Իրանի կողմից: Ռուսական կողմի համար սա ևս քաղաքական և դիվանագիտական հաջողություն է»,- նշեց իրանագետը:
Հայաստանի վրա Իրանում Ռուսաստանի ռազմական ավիաընկերության ստեղծման ազդեցության մասին Կարեն Մկրտչյանի դիտարկումները՝ տեսանյութում: