Անկուսակցական-կուսակցական ուսուցիչ ու անհատ ձեռներեց՝ Աշտարակի քաղաքապետի ընտրություններում
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում թեժ ընտրություններ են սպասվում. քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 8 թեկնածու: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, օգոստոսի 19-ին ավարտվել է թեկնածուների առաջադրումների ժամկետը և մինչև օգոստոսի 24-ը կշարունակվի գրանցման գործընթացը: Թեկնածուները ինքնաբացարկ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 8-ը:
Այսպես, ԿԸՀ-ից Panorama.am-ը տեղեկանում է, որ Աշտարակ քաղաքի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուների «ներկապնակը» խայտաբղետ է:
Վերընտրվելու հույսեր ունի գործող քաղաքապետ, անկուսակցական Արմեն Անտոնյանը, որն ինքնաառաջադրվել է: Նկատենք, որ գործող քաղաքապետը նախորդ ընտրություններում հենց ՀՀԿ-ի աջակցությունն էր վայելում:
ՀՀԿ-ական թեկնածուն այս ցանկում Աշոտ Ղալաչյանն է, բայց կուսակցությունը նրան չի առաջադրել՝ ինքնառաջադրված է: Մյուս թեկնածուն անհատ ձեռներեց է՝ անկուսակցական Գևորգ Եդիգարյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Աշտարակի քաղաքապետի ընտրություններում առաջադրել է «Խարամ» ընկերության ֆինանսական գծով տնօրեն Արշալույս Մեջլումյանի թեկնածությունը: Թեկնածուներից է նաև Արագածոտնի մարզպետարանի վիճակագրական վարչության աշխատակից Սերգեյ Մովսիսյանը, որն անկուսակցական է:
Մյուս թեկնածուներն են՝ «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն, անկուսակցական Թովմաս Շահվերդյանը, անկուսակցական Ռազմիկ Տերտերյանը, Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, անկուսակցական Հարություն Օհանյանը:
Քարոզարշավը Աշտարակի քաղաքապետի ընտրություններում կմեկնարկի օգոստոսի 31-ից և կավարտվի սեպտեմբերի16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան