Մխիթարյանի մասին Մոուրինյոյի բառերը ոչ մի արժեք չունե՞ն
Երեկ «Մանչեսթեր Յունայթեդն» անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակներում հյուրընկալեց «Սաութհեմպտոնին» և հաղթեց 2։0 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերյան թիմի կազմում ասպարեզ դուրս եկավ խաղավարտից 15 րոպե առաջ։ Հետաքրքիր է, որ ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում ձեռք բերված 4 ֆուտբոլիստներից միայն Հենրիխ Մխիթարյանն էր հայտնվել պահեստայինների նստարանին, մյուս 3-ը՝ Բային, Իբրահիմովիչն ու Պոգբան, ընդգրկվել էին թիմի մեկնարկային կազմում։
Այս հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը սուպեր ֆուտբոլիստ է և դեռ շատ օգուտ կտա թիմին։ Այնուհետև որոշ ԶԼՄ-ներ շտապեցին կանխատեսել, որ այս անգամ Հենրիխը խաղադաշտ կմտնի հիմնական կազմում, սակայն սպասելիքները չարդարացան։ Ի՞նչ է սա նշանակում, արդյոք Մոուրինյոն հայ ֆուտբոլիստի համար միայն պահեստայինի՞ դեր է պլանավորել։
Իհարկե, մի խաղում, որում «Սաութհեմպտոնը» երկրորդ խաղակեսում գրեթե ոչ մի անգամ լրջորեն չսպառնաց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասին, Մխիթարյանին կարելի էր ավելի շատ խաղային ժամանակ հատկացնել։ Սակայն Մոուրինյոն համառորեն վստահում է Խուան Մատային, չնայած որ նույնիսկ անցկացրած 15 րոպեն անգլիացի շատ երկրպագուների համոզել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ավելի ուժեղ է, քան Մատան։
Հենրիխ Մխիթարյանն անընդհատ պայքարի մեջ էր, օգնում էր պաշտպաններին ու միանում գրոհներին՝ հաճախ կազմակերպելով դրանք։ Կատարել է 5 փոխանցում, որից 4-ը ճշգրիտ էր։ Դրվագներից մեկում կարող էր գոլային փոխանցման հեղինակ դառնալ, եթե Պոգբայի հարվածը շեղ չստացվեր։
Հետաքրքիր է, որ Մոուրինյոն այդպես էլ չփոխարինեց ոչ Պոգբային, ոչ էլ հոգնած Իբրահիմովիչին...
Ստացվում է՝ «Մանչեսթեր Յունայթեդի» համար Մխիթարյանի բացառիկության ու կարևորության մասին Մոուրինյոյի բառերը ոչ մի արժեք չունեն, քանզի ոչ ոք նրան չի խանգարում հրաժարվել իր խոսքերից։ Մեկ խաղը, իհարկե, ցուցանիշ չէ, սակայն այն, թե ինչպես է Մխիթարյանը մեկնարկել «Օլդ Տրաֆֆորդում», ստիպում է անհանգստանալ...
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու