Հոսեյն Դեհղան. Իրանը նպատակ ունի Ռուսաստանից Su-30 մոդելի կործանիչներ գնել
«S-300 զենիթահրթիռային համալիրի տեղակայման վայրը ԱՄՆ-ի հետ որևէ կապ չունի»,-իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, արձագանքելով ամերիկյան կողմի այն պնդումներին, թե ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրը տեղակայվելու է Թեհրանի արևելյան հատվածում, հավելել է. «Նախ առաջինը, S-300 զենիթահրթիռային համալիրի տեղակայման վայրը ԱՄՆ-ի հետ որևէ կապ չունի և երկրորդը, այդ համալիրն այն վայրում կտեղակայվի, որտեղ դրա անհրաժեշտությունը կտեսնի ԻԻՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը»:
Անդրադառնալով ռուսական Su-30 կործանիչների ձեռք բերման հնարավորությանը՝ Հոսեյն Դեհղանը պատասխանել է. «Su-30 կործանիչները մարտավարական առումով հարմար են, այդ կործանիչների ձեռք բերման հարցը քննարկվել է ռուսական կողմի հետ և բացասական պատասխան չենք ստացել»:
Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով Իրանի տարածքից Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբավորումների դիրքերին ռուսական օդուժի իրականացրած ավիահարվածներին, ասել է. «Ռուսները գործել են սիրիական կողմի խնդրանքով: Նախապես պետք է ռուսական օդուժը տեղակայվեր Սիրիայի ռազմակայաններում, սակայն Սիրիայում կարճաժամկետ հրադադարի ռեժիմ հաստատվելուց հետո Սիրիայում Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբաիան և Կատարը ահաբեկիչներին ժամանակակից զինտեխնիկա տրամադրեցին:
Այդ պայմաններում ահաբեկիչներին նոր հարվածներ հասցնելու անհրաժեշտություն առաջացավ, և այդ գործում ռուսական ինքնաթիռները վառելիքով ապահովելու անհրաժեշտություն ունեին: Այդ նպատակով էլ նրանք օգտվեցին Համադանի ռազմակայանից»: