Հովհաննես Հարությունյանի նկատմամբ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում խոշտանգում է իրականացվում. Իրավապաշտպաններ
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հովհաննես Հարությունյանի նկատմամբ տեղի է ունենում խոշտանգում, քանի որ նրան պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հարությունյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Նա տեղեկացրեց, որ տեսակցել է իր պաշտպանյալին և իմացել, որ գիշերը Հովհաննեսն իրեն վատ է զգացել, սակայն նրա կողքին որևէ բուժակ չի եղել՝ օգնելու համար:
«Այս գիշեր նա ցավերից բղավել է, բժիշկները կողքին չեն եղել և այլ հնարավորություն չի ունեցել դռան ուղղությամբ իրեր է նետել, որպեսզի գան ու բուժօգնություն ցուցաբերեն», -ներկայացրեց փաստաբանը:
Նրա խոսքով, բժիշկները հապաղում են և անհրաժեշտ վիրահատությունը չեն կատարում, և հրազենային վիրավորում ստացած ոտքի մատները չի կարողանում շարժել:
«Մենք՝ պաշտպաններս տեսնում ենք, որ Հովհաննես Հարությունյանի վիճակը օրըստօրե վատանում է, և ցավազրկող ներարկումները նույնիսկ օգուտ չեն տալիս: Պահանջում ենք վիրահատեն, բայց ասում են, որ ժամանակը չէ: Մենք միտում ենք տեսնում՝ խոշտանգման են ենթարկում՝ փորձելով ցավերի մեջ պահել», -հայտարարեց Ղարագյոզյանը:
Նա տեղեկացրեց, որ դիմել են Կարմիր խաչի մասնագետներին և առաջիկա օրերին նրանք կայցելեն «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ևս պնդեց, որ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ խոշտանգում է իրականացվում:
«Մարդը տանջվում է ցավերից: Սա արժանապատվությունը նվաստացնող երևույթ է ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշմամբ համարվում է խոշտանգում», -հայտարարեց Սաքունցը ընդգծելով, որ Արդարադատության նախարարը և ՔԿՀ վարչության պետը այդ ամենի համար ուղղակի պատասխանատվություն են կրում:
Նշենք, որ ավելի վաղ «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօերն Միքայել Մանուկյանը Panorama.am-ին ասել էր, որ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունը պետք է շուտ կատարվի:
Հարակից հրապարակումներ`
- «Դատապարտյալների հիվանդանոց»-ում «Սասնա ծռերի» բժշկական մասնագիտական հերթապահությունը հանվել է. Փաստաբան
- Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան