«Բացի իրա երեխեքի պիստալետներից, տունը բան չեն գտել». Ներսես Պողոսյանի հարազատներ
Այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի հարազատները պահանջում էին ազատ արձակել նրան:
Պողոսյանը կալանավորվել էր Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հունիսին առաջադրված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք՝ Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը»:
Ներսեսի քույրը պնդում էր, որ եղբորը անհիմն են կալանավորել, «ոչ մի փաստ չկա նրա դեմ»:
«Անգամ իրավապահները մեզ ոչինչ չեն ասում, թե ինչ են կալանավորել իմ եղբորը: Կալանքից անցավ երկու ամիս, մենք նրան սպասում էինք, մեզ ոչինչ չասեցին, թե ինչի էդ երկու ամիսը պահեցին: Մենք դրա համար ստեղ ենք: Չեն կարում հանցանք գտնել: Առավոտ ժամը վեց անց կեսին եկել են, ամբողջ տունը քանդել են, ոչինչ չեն գտել, բացի իրա փոքր երեխեքի պիստալետներից: Եթե դա համարվում ա զենք-զինամթերք ու դրա համար էս հանրապետությունում դատվում են, ուրեմն ով տղա երեխա ունի պիտի դատվի», -ասում էր Ներսես Պողոսյանի քույրը:
Նրանց հետ միասին Վերաքննիչ դատարանի մոտ էին եկել նաև Ներսեսի մանկահասակ երեխաները՝ պահելով «Ազատություն հայրիկին» գրությամբ պաստառներ:
«Երեխեն անընդհատ ասում ա՝ պապան խաբեց չեկավ, մենք էլ չգիտենք՝ ինչ բացատրենք էդ երեխուն», -ասաց քույրը:
Ներսեսի կինն ասաց, որ իր ամուսնու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ իրենք 2008 թվականից մասնակցում են բոլոր բողոքի ակցիաներին:
«Նրան երկու անգամ բերման ենթարկել, վարչական տույժի են ենթարկել: Ուղղակի այս անգամ ինքը կապ չի ունեցել, ծանոթ չի եղել կոնկրետ Սեֆիլյանի հետ: Մի երկու անգամ դեկտեմբերին գնացել է ակցիաներին, բայց հետո դադարեց գնալ, քնաի որ հայրը ծանր, անկողնային հիվանդ էր ու խնամում էր նրան», -նշեց կինը:
Վերաքննիչ դատարանից, որտեղ բողոքի քննություն էր ընթանում, ասաց, որ ակնկալիք չունի: «Ուղղակի իմ երեխեքի արցունքները ինձ շատ են տանջում: Էս արդարադատությունից ակնկալիք չունեմ, եթե մերժվի դիմելու եմ Եվրոպական դատարան: Այնտեղից մեծ ակնկալիքներ ունեմ», -ասաց Ներսես Պողոսյանի կինը: