Վանաձորում հղի կինը և նրա երեխան վարակվել են կապույտ հազով
Լոռու մարզում այս տարվա ընթացքում կապույտ հազով վարակվածության 5 դեպք է գրանցվել, որից վերջին երկուսը՝ այս օրերի ընթացքում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ վերջին երկու վարակվածները հղի կին է իր անչափահաս երեխայի հետ:
«Հղի կինը վարակվել էր իր երեխայից, որն ավելի շուտ էր հիվանդացել: Իսկ երեխան մոր ստորագրությամբ և համաձայնությամբ հրաժարվել էր պատվաստումից», -ասաց տիկին Հովհաննիսյանը՝ նշելով, որ կնոջ վիճակն այժմ նորմալ է և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:
Մասնագետի խոսքով, կապույտ հազը կառավարելի ինֆեկցիա է և հնարավոր է պատվաստումների օգնությամբ չվարակվել այլևս դրանով:
«Մենք Հայաստանում պլանային պատվաստումներ ունենք բավականին շատ հիվանդությունների դեմ՝ դիֆտերիայի, կապույտ հազի, փայտացման, կարմրուկի, կարմրախտի, փայտացման, խոզուկի, պոլեոմելիթի, տուբերկոլյոզի դեմ: Այս բոլորը կառավարելի ինֆեկցիաներ են և պատվաստումների միջոցով հնարավոր է կանխարգելել այդ հիվանդությունները», -նկատեց մասնագետը:
Այդուհանդերձ, պատվաստման դեպքում էլ, նրա խոսքով, հնարավոր է վարակվել կապույտ հազով, սակայն դա կարող է լինել այն դեպքում, երբ երեխայի իմունիտետը ցածր է: Բայց այդ դեպքում հիվանդության ընթացքը ավելի հեշտ կընթանա, քան պատվաստված չլինելու դեպքում:
Մասնագետի ներկայացրած վիճակագրության համաձայն, 2014 թվականին լոռու մարզում գրանցվել է կապույտ հազի 1 դեպք, 2015-ին՝ 3 դեպք:
Այս տարվա ընթացքում Լոռու մարզում գրանցված կապույտ հազի 5 դեպքերի մեծ մասը, ըստ Հովհաննիսյանի, պատվաստված չի եղել:
Ինչ վերաբերում է հիվանդության նախանշաններին, ապա ըստ մեր զրուցակցի, այն կարելի է տարբերակել հենց հազի միջոցով.
«Նոպայաձև հազ, երեխան ընկնում է ցնցումների մեջ, հազում կապտում է և դրա հետևանքով երեխայի դեմքը կապտավում երանգ է ստանում: Այդ է պատճառը, որ հիվանդությունը կոչվում է կապույտ հազ: Նաև կարող է լինել թուլություն, ջերմություն, ինքնազգացողության վատացում, բայց հազը հենց այդ հիվանդության տարբերակիչն է»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում