Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ
31-րդ ամառային Օլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ուժեղագույն մարզիկները պայքարում էին լավագույնի կոչման համար: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Հայաստանը 20 տարվա դադարից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի:
Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև Օլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ և կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին: Հարությունյանը ստացավ օլիմպիական արծաթը:
105 կգ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Ծանրորդներից Գոռ Մինասյանը (105+ կգ) ևս դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 կգ արդյունք:
Ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն շատ մոտ էր օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն բավարարվեց միայն 5-րդ տեղով: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեկ այլ ծանրորդ` գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանն ընդամենը մեկ քայլ հետ մնաց պատվո պատվանդանից: