Պետք է արմատապես փոխվի բանակցային գործընթացը. Պապյան
«Մենք հիմա թևակոխել ենք եզրափակիչ փուլ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոդուս Վիվենդի կազմակերպության ղեկավար Արա Պապյանն՝ անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին:
«Վերջին պաշտոնական տեղեկատվությունը Կազանի փաստաթուղթն է եղել: Բնականաբար նման ձևաչափի լուծումն իմ անձնական կարծիքով, անընդունելի է: Թեև որպես պատճառաբանություն ասվում է, որ դա մեզ հնարավորություն կտա խուսափել պատերազմից, բայց ես այդպես չեմ կարծում: Ցավոք սրտի, եթե տարածքներ զիջվեն, պատերազմն ավելի կմոտեցնեն և կունենանք ավելի անպաշտպան դիրքեր»,-նշեց Պապյանը:
Նրա խոսքով՝ այս հարցում Ռուսաստանի դերակատարությունը ուժեղացել է, նա փորձում է ինքնուրույն խաղ խաղալ. «Այստեղ մեզ համար բավականին բացասական զարգացումներ կան, այն է, որ Ռուսաստանը փորձում է Ղարաբաղի հարցն օգտագործել՝ սեփական շահն առաջ մղելու համար, մասնավորապես Ադրբեջանին սիրաշահել, բերել իր ազդեցության տակ կամ ԵԱՏՄ»:
Պապյանի կարծիքով՝ պետք է արմատապես փոխվի բանակցային գործընթացի հիմքն ու էությունը:
««Տարածքների ինչ-որ մի բանի դիմաց» սկզբունքը պետք է չեղյալ արվի, քանի որ փոխզիջում կոչեցյալը համարժեք չէ և երբեք չի կարող համարժեք լինել: Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի, հատկապես հարաբերությունները պետք է զարգացնի Արևմուտքի հետ, և այդ զարգացումը կստիպի Ռուսաստանին որոշակի դիրքորոշում որդեգրել Հայաստանի նկատմամբ, այն է՝ պետք է ընտրություն կատարի, պետք է հասկանա, որ Հայաստանին կարող է կորցնել»,-ավելացրեց Մոդուս Վիվենդի կազմակերպության ղեկավարը: