Իսկ որտե՞ղ է փոզիջումների սահմանը՝ ես չեմ տեսնում. Ալավերդյան
Մայիսից սկսած մենք մտել ենք բոլորավին այլ փուլ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով Արցախի շուրջ առկա իրողություններն ու հնարավոր զարգացումներին:
«Բանակցային գործընթաց չկա, քանի դեռ դրանում Արցախն ընդգրկված չէ: Այն գործընթացը, որի նկատմամբ ամենաշահագրգիռ մոտեցումը դրսևորել են Մինսկի խմբի անդամները, այսօր ճգնաժամ է ապրում և դրա մասին է խոսում ոչ միայն այն, որ Մինսկի խմբի անդամների հայտարարությունները շատ զգուշավոր են՝ «կփորձենք, ձգտում ենք, անում ենք»»,-նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին հանդիպումներից պարզ է դարձել, որ Հայաստանը և Ադրբեջանը մի մազաչափ անգամ չեն փոխել իրենց մոտեցումները:
Ալավերդյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև սպասվող հանդիպումը որևէ դրական արդյունք հակամարտության կարգավորմանը չի տա:
Անդրադառնալով՝ Բակո Սահակյանի հարցազրույցին՝ Լ. Ալավերդյանն ասաց, որ զիջում, փոխզիջում հռետորությունն իր համար հասկանալի չէ այն իրավիճակում, որը տեսնում է տարիներ շարունակ. «Նույն հռետորական հարցով եմ հանդես գալիս, լսե՞լ եք որևէ անգամ Ադրբեջանի կողմից որևէ զիջումների կամ փոխզիջումների մասին: Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքներն են, որ Հայաստանի մի մասն էլ իրենը: Իսկ որտե՞ղ է փոզիջումների սահմանը՝ ես չեմ տեսնում: Ադրբեջանն ասում է, որ ես վայրագ պատերազմ չեմ սկսի, եթե տարածքները տրվեն»: