Հայաստանի դերը՝ Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում
Հայաստանի և Չինաստանի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացման փուլում են: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ընթացքում:
Նա նաև հայտնել է, որ վերջին տարիներին էապես ավելացել է փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ՝ Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել Հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները՝ ասելով, որ քննարկվել և նախանշվել են մի շարք ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ուղղված հետագա քայլերը:
Անդրադարձ է եղել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցին: Պարոն Քեմինը կարևորել է Հայաստանի դերը Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում: Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է և պատրաստ է աջակցել այդ գործընթացին: