
Սողոյանը՝ հաշմանդամության կարգի սահմանման հարցում նոր մոտեցումների մասին
2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 202 հազար 839 հաշմանդամություն ունեցող անձ:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը՝ տեղեկացնելով, որ հաշմանդամության կարգի սահմանման հարցում նոր մոտեցումներ են կիրառվում:
Նրա խոսքով՝ հիվանդություններն էական չեն, չկան հիվանդություններ, որոնց դեպքում անպայման տրվում է հաշմանդամություն և չկան հիվանդություններ, որոնց դեպքում չի տրվում: Կարևորը այդ հիվանդության ծանրության աստիճանն է, ի՞նչ գործառույթի խանգարում առաջացել և ի՞նչ աստիճանի է և բերում է արդյո՞ք կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակման:
«Եթե մարդու մոտ բժշկական հաստատության կողմից ախտորոշված է քաղցկեղ, սա էն բացառիկ դեպքն է, որ անկախ կենսագործունեության սահմանափակում կա թե չկա, կառավարության որոշմամբ անբարենպաստ կանխատեսմամբ տվյալ մարդը հաշմանդամ է ճանաչվում»,-նշեց Սողոյանը:
Ինչ վերաբերում է «էպիլեպսիա» հիվանդությանը և այն ունեցող անձի հաշմանդամ ճանաչվելուն՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը հայտնեց, որ նոպաները պետք է ամսական առնվազն երեք անգամ կրկնվեն և կես տարի տևեն: