«Դատապարտյալների հիվանդանոց»-ում «Սասնա ծռերի» բժշկական մասնագիտական հերթապահությունը հանվել է. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի չորս անդամներ՝ Պավել և Արամ Մանուկյանների, Արմեն Լամբարյանի և Մխիթար Ավետսիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը պատրաստվում է Վճռաբեկ դատարանում բողոքարկել կալանքի որոշումները:
Բոլոր չորս պաշտպանյալների վերաբերյալ Վերաքննիչ դատարանաը բացասական որոշում էր կայացրել՝ մերժելով կալանքը վերացնելու վերաբերյալ փաստաբանի բողոքները:
«Մերժման հիմքում դրվում է այն, որ նրանց մեղսագրված է ծանր արարքներ և ազատության մեջ մնալով նրանք կարող են խոչընդոտել քննությանը և խուսափել քննությունից: Բայց ես գտնում եմ, որ պետք է բողոքարկեմ այդ որոշումները Վճռաբեկ դատարանում», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
Փաստաբանը պնդեց, որ իր պաշտպանյալ Պավել Մանուկյանը առողջական ծանր խնդիրներ ունի և չի կարող խուսափել քննությունից, հետևաբար նախաքննության կողմից մատնանշվող պատճառները անհիմն են:
«Երևի մեկ տարի նրա քայլելու և ինքնուրույն տեղաշարժվելու խնդիրներ կունենա, ինչպես կարող է խուսափել քննությունից», -նկատեց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեսակցել է իր երեք պաշտպանյալներին, ովքեր ծանր վիրավոր են ու ներկայացրեց իր տեսածը.
«Ես այնտեղ ականատես եղա մի խնդրի, որը ինձ շատ մտահոգեց և հուզեց և դա ես համարում եմ իմ պաշտպանյալների իրավունքի կոպիտ խախտում. այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնի կողմից ՔԿՀ-ում սահմանված 24-ժամյա հերթապահությունը հանվել է:
Որպես պաշտպանի ինձ շատ մտահոգեց այդ հանգամանքը, և ես հասկացա, որ ունենք շատ լուրջ խնդիր: Այսինքն՝ այն բուժակը, որը օգնություն էր ցույց տալիս 7 հիվանդներին, այլևս նրանց հետ չի լինի, այսօրվանից հերթապահությունը հանված է: Այսօրվանից մենք այնտեղ ունենք շատ լուրջ խնդիր»:
Այս կապակցությամբ, ինչպես Պետրոսյանը տեղեկացրեց, պատրաստվում են բողոքներ ներկայացնել իրավապահ մարմիններին:
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանը կմնա կալանքի տակ
- Պավել Մանուկյանը կվիրահատվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
- Բժիշկը մեկնաբանել է Պավել Մանուկյանի ոտքի կարճանալու մասին տեղեկությունները
- Պավել Մանուկյանի ոտքը հնարավոր է կարճանա. Փաստաբան
- Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն. Փոստանջյան
- «Դատապարտյալների հիվանդանոցում» խավարասերներ կան, մասնագետներ չկան. Փաստաբան