ԱՆ ՔԿՎ-ն կոչ է անում զերծ մնալ շահարկումներից
ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Զինված խմբի որոշ անդամների փաստաբանների կողմից այսօր կրկին հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձն է արվել: Հանրությանը ցանկանում ենք տեղեկացնել, որ խմբի` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող անդամներին իբր անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու մասին վերջիններիս փաստաբանների «ահազանգերի» և Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող վերոնշյալ կալանավորված անձանց, տեղում ծանոթացել իրավիճակին և իրազեկվել, որ վերջիններս քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի կողմից ցուցաբերվող բժշկական օգնությունից և խնամքից բողոքներ չունեն:
Ինչ վերաբերում է նրան, որ այս օրերին հաճախ է շահարկվում ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հովհաննես Հարությունյանին բժշկական պատշաճ օգնություն և խնամք չցուցաբերելու, կամ, ինչպես նրա փաստաբանների ու այլ անձանց կողմից շեշտվում է, նրան այս կերպ խոշտանգումների ենթարկելու հարցը, ապա այլևայլ անհիմն ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հայտնում է հետևյալը:
27.07.2016 – 23.08.2016թթ` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու պահից առ այսօր, Հովհաննես Հարությունյանը ենթարկվել է տարատեսակ բժշկական հետազոտությունների և զննությունների, այդ թվում` որովայնի և կոնքի սոնոգրաֆիկ և աջ ստորին վերջույթի ռենտգեն հետազոտությունների, ուրոլոգի և նյարդավիրաբույժի խորհրդատվությունների: Բացի վերոբերյալից` հանվել է հիվանդի կմախքային ձգումը և դրվել է գիպսային վիրակապ:
Ի լրումն` յուրաքանչյուր 2-րդ օրը հիվանդը զննվում է «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների կողմից: Հարկ է նշել, որ բոլոր հետազոտությունների և զննությունների մասին գրառումները առկա են նրա հիվանդության պատմագրում:
Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանը անհրաժեշտության դեպքում ստացել և ստանում է ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, պարբերաբար կատարվում են վերքերի մշակումներ, ժամանակին փոխվում են վիրակապերը:
Ներկայումս «Էրեբունի» ԲԿ-ի վնասվածքաբանների հետ քննարկվում է ինչպես Հ. Հարությունյանի, այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող խմբի մյուս անդամների վիրահատման ծավալների և ժամկետների հարցը:
Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում և բուժում են ստանում այլ կալանավորված անձինք և դատապարտյալներ, որոնք նույնպես խնամքի և բազմապրոֆիլ բուժման կարիք ունեն, ինչը և ապահովվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի արհեստավարժ և փորձառու բուժանձնակազմի կողմից:
Եվս մեկ անգամ շահագրգիռ անձանց կոչ ենք անում զերծ մնալ թեմայի`տարբեր նպատակներով անհարկի շահարկումներից»:
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Հարությունյանի նկատմամբ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում խոշտանգում է իրականացվում. Իրավապաշտպաններ
- ԱՆ ՔԿՀ վարչությունը արձագանքել է փաստաբանի հայտարարություններին
- «Դատապարտյալների հիվանդանոց»-ում «Սասնա ծռերի» բժշկական մասնագիտական հերթապահությունը հանվել է. Փաստաբան
- Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն. Փոստանջյան
- «Դատապարտյալների հիվանդանոցում» խավարասերներ կան, մասնագետներ չկան. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան