ՀԱՊԿ զորամիավումները կարող են մասնակցել ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին
ՀԱՊԿ զորամիավումները կարող են գործել ՄԱԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Առաջին անգամ ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ ուժերը կստանան ՄԱԿ անվտանգության խորհրդի մանդատը և կգործեն ճգնաժամային կետերում ՄԱԿ խաղաղապահ առաքելության շրջանակներում: Բացառված չէ, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները կգործեն մոտ ժամանակներս»,- հայտարարել է Սեմերիկովը:
Վերջինիս խոսքով այժմ ընթանում է մշտական պատրաստականության ոստիկանական խաղաղապահ միավորումների ձևավորման գործընթացը, որն ի զորու կլինի ՄԱԿ չափորոշիչներին համապատասխան գործողություններ իրականացնել:
Նշենք, որ այս հայտարարությունը Վալերի Սեմերիկովը հնչեցրել է ՀԱՊԿ կոլեկտիվ խաղաղապահ զորամիավորումների «Անխափան եղբայրություն 2016» զորավարժությունների մեկնարկին նվիրված արարողությանը, որը կանցկացվի Բելառուսում օգոստոսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում: