Ծանր հոդվածով մեղադրվող Սարի թաղի բնակիչը հիմա փաստաբան չունի
Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորներից մեկը՝ Էդուարդ Զեյթունյանը, փաստաբան չունի, իսկ հանրային պաշտպաններին էլ ոչ ինքը և ոչ էլ նրա կինը՝ Լալա Զեյթունյանը չեն վստահում:
«Հանրային պաշտպանից հրաժարվեցինք, որովհետև ինքն իր գործը նորմալ չէր կատարում: Ամուսնուս կալանքի միջնորդության ժամանակ, մեկ էլ տեսնենք դուրս եկավ դատարանի դահլիճից, գնաց: Հարցնում եմ՝ Լիաննա ո՞ւր եք գնում, ինձ ասում է, թե ուրիշ տեղ նիստ ունի, մէյլով կվերցնեմ որոշումը: Զանգում եմ, պատասխանում է կոպիտ: Ես շատ եմ վիրավորված այդ արարքից», -Panorama.am-ին փոխանցեց Էդուարդի կինը՝ Լալան:
Սարի թաղում հուլիսի 19-ին գիշերը տեղի ունեցած դեպքերից մի քանի օր անց, հունիսի 25-ին Էդուարդ Զեյթունյանը կալանավորվել է: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:
32-ամյա Էդուարդ Զեյթունյանն ունի մեկ անչափահաս դուստր՝ 7 տարեկան։ Երեխայի պահելու հոգսը այժմ 30-ամյա կնոջ՝ Լալայի ուսերին է, չի աշխատում որևէ տեղ ու կանգնել են տխուր փաստի առաջ՝ ինչպես հոգալ սոցիալական խնդիրները։
«Մեր վիճակն ահավոր անելանելի է, որտեղի՞ց փաստաբան վարձեմ», -ասում է տիկին Լալան։
Նրա խոսքով, ամուսնու դեմ ցուցմունք չեն տվել, իսկ իրավապահների համար միակ փաստական հիմքը նման ծանր հոդվածով մեղադրելու համար եղել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես Էդուարդը բաժանում իր ընկերներին ու նրանց հետ վեճի բռնված ոստիկաններին։
«Ես որ գնացի քննչական բաժին, Էդոյին տեսա, ինքը պատմեց, որ փորձել է բաժանել վեճի կողմերին, ասում էր՝ ես իմ ընգերներին էի ուզում բաժանեի, բայց մտնում ա էդ խմբի մեջ, ձեռք ա բարձրացնում, որ պաշտպանվի, քաշում, ծեծում են իրան։ Էդքան ծեծից հետո էլ ոչ մի փորձաքննության չի ենթարկվել։ Առայսօր ցավում ա ձեռքը։ Ոչ մի օրինական քննություն չի կատարվել։ Քննիչները ինձ ստիպում էին, որ իմ հարևանների անուններ տամ, ովքեր էդ օրը եղել են դեպքի վայրում ու ասում էին, թե դրա դիմաց Էդոն կազատվի», -ներկայացրեց Լալան։
Ասում է՝ անուններ գիտի և ովքեր իրավապահների մոտ «թիկունք ունեին» կարողացան կազմակերպել ու հիմա դրսում են. «Ով պաշտոնավոր էր, ով բացահայտ քացով հարվածում ա ոստիկանին, ինքն էսօր դրսում ա, բայց օրինակ, իմ ամուսինը ծեծ ուտելուց հետո ուզում ա պաշտպանվի, տարել են փակել, նստացրել են»։
Զեյթունյանի կինը նաև ասաց, որ ձերբակալությունից հետո առաջին րոպեներին պաշտպանություն է պահանջել, բայց չեն ապահովել նրան փաստաբանով։
«Ասել են՝ Էդո ջան գրի, վերջը լավ կլինի»,- ամուսնու խոսքերը փոխանցեց տիկին Լալան։
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձ է կալանավորվել
- Սարի թաղում լրագրողներին խոչընդոտելու համար ևս 2 անձ է ձերբակալվել
- Սարի թաղում «լրագրողներին խոչընդոտած» երկու անձինք կալանավորվեցին
- Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
- Սարի թաղում քաղաքացիական հագուստով «գրոհայիններին» ղեկավարել են Թույների Մհերի որդիները. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան