Վերաքննիչ դատարանը մերժել է Արամ Մանուկյանի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի բողոքը՝ կալանավորելու որոշման վերաբերյալ: Արամ Մանուկյանը դռնփակ դատական նիստին ներկա է եղել, նրան շտապօգնության ծառայության աշխատակիցները դատարան են տեղափոխել պատգարակով և այդպես էլ նրան դատարանից տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«Սա քաղաքական որոշումների շարքից է: Անձը գամված է անկողնուն, պատգարակով են բերել, տեղաշարժվելու որևէ հնարավորություն չունի: Մարդը չի կարողանում ինքնուրույն շարժումներ կատարել», -նիստից հետո Մանուկյանի վիճակը ներկայացրեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես կարող է այդ վիճակում գտնվող մարդը խոչընդոտել քննությանը կամ խուսափել քննությունից:
Պետրոսյանի խոսքով, Արամ Մանուկյանը դատարանում հանդես եկավ ելույթով, ասաց, որ երբ ինքը ՊՊԾ գնդի տարածքից փորձել է վիրավորներից մեկին հանել, ոստիկանների կողմից կրակ է արձակվել իրենց ուղղությամբ: Հետո նա ընդամենը փորձել է օգնել իր հայրիկին՝ Պավել Մանուկյանին, և իրավապահները իրեն վնասազերծելու խնդիր չունեին: «Երեխան, որը տեսնում է, որ հայրն արնաքամ է լինում, ընդամենը փորձել է օգնել հորը», -Մանուկյանի ասածը փոխանցեց փաստաբանը:
Դատախազը, Պետրոսյանի փոխանցմամբ, առարկել էր պաշտպանական կողմի բերած բողոքին՝ նշելով, որ ունեն ենթադրություններ, որ Արամ Մանուկյանը կարող է խուսափել նախաքննությունից և խոչընդոտել քննությանը:
«Դա ենթադրություն է և որևէ հիմքեր, փաստեր չկան հիմնավորելու այդ ենթադրությունները», -ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Մանուկյանը ներկա կլինի դատական նիստին
- Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբանը բողոքարկելու է կալանքի որոշումները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան