ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն ՀՀ ԶՈՒ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը մասնակցում են օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժությանը: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 23-ին Բելառուսի Հանրապետության զինված ուժերի համազորային զորավարժարանում տեղի է ունեցել «Անխախտ եղբայրություն-2016» զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Միացյալ Շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Երկու փուլով անցկացվող զորավարժության ընթացքում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը խաղարկելու են Հավաքական անվտանգության տարածաշրջանում խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:
«Անխախտ եղբայրություն-2016» զորավարժությանը ներգրավված են շուրջ 1500 զինծառայողներ, 300 միավոր օդային և ցամաքային ռազմական տեխնիկա։
Զորավարժության գլխավոր խնդիրներից են ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ուժերի միջև խաղաղապահ առաքելություն իրականացնելու ընթացքում փոխգործակցության և փոխըմբռնման ձևավորումն ու ամրապնդումը, համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացումը, փորձի փոխանակումը:
Օգոստոսի 24-ից կմեկնարկեն զորավարժությանն ընդգրկված ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ ստորաբաժանումների համատեղ վարժանքները, որոնց ընթացքում կիրականացվեն խաղաղապահ առաքելությունների տարաբնույթ գործողություններ: