Ս. Մինասյան. «ԼՂ հարցում միակողմանի զիջումների հավանականությունը բացառվում է»
ԼՂ հակամարտության գոտում ռազմական նոր բախման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան բանակցային գործընթացում որևէ դրական տեղաշարժը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ստեղված իրավիճակին՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Կովկաս ինստիտուտ»-ի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Հենց ապրիլյան իրադարձություններից հետո փորձագետների և որոշ մասնագիտական շրջանակների համար պարզ էր, որ եթե առկա է ինչ-որ բանակցային գործընթաց, ապա Մինսկի խումբը և առաջին հերթին Ռուսաստանը, որը վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում, պետք է լուծի գրեթե անլուծելի մի խնդիր: Համադրել մի կողմից հայկական կողմի գլխավոր պահանջը. այն է շփման գծում հետագա լարվածության բացառման համար մեխանիզմների ստեղծումը և մյուս կողմից Ադրբեջանին համոզել, որ դա չի նշանակում սատուս քվոյի լիակատար սառեցում, երբ որ հնարավոր է գնալ բանակցային գործընթացի ակտիվացման»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Սակայն, պաշտոնական Բաքուն, ըստ քաղաքագետի, բանակցային գործընթացի ակտիվացման տակ տեսնում էր միայն այսպես կոչված տարածքների և փախստականների վերադարձի հարցերը, իսկ հայկական կողմի համար ամենակարևոր ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հարցից ամեն կերպ խուսափում էր:
«Իմ կարծիքով Ադրբեջանում ապրիլից առաջ կային որոշակի պատրանքներ, որ հնարավոր է ստեղծել մի իրավիճակ, երբ Հայաստանը և Արցախը կհամաձայնեն, որ կարգավիճակի հարցը մյուս կարևոր հարցերի հետ մեկտեղ դրվի այլ հարթության վրա, սակայն ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, դա տեղի չունեցավ և առկա պայմաններում հստակ է, որ բանակցային գործընթացը գտնվում է փակուղու մեջ: Արդյունքում Բաքուն ներկայումս կանգնած է լրջագույն ընտրության առջև. համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, երբ բանակցային գործընթացը գտնվում է փակուղու մեջ և առկա է ստատուս քվոյի՝ թեկուզև մի փոքր ավելի փխրուն, սակայն ամրագրման հեռանկարներ, կամ գնալ նոր արկածախնդրության»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի օրերս հրապարակված հոդվածին, ապա, ըստ քաղաքագետի, այնտեղ արված շեշտադրումները հաստատում են վերոնշված այն միտքը, որ Ադրբեջանի քաղաքական և նրանց սատարող միջազգային շրջանակներում առկա էր այն պատրանքը, որ կարելի է հայկական կողմին դրդրել որոշակի միակողմանի զիջումների, դրա փոխարեն չգնալով կարևորագույն՝ կարգավիճակի, հետ կապված զիջմանը, սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, դա որևէ կերպ հնարավոր չէր:
Այս առումով քաղաքագետը լիովին բացառեց հայկական կողմի՝ միակողմանի զիջումների գնալու հնարավորությունը:
Ըստ Սերգեյ Մինասյանի, այս առումով, գրեթե բացառվում է միջազգային խոշոր խաղացողների՝ մասնավորապես Ռուսաստանի կողմից Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի վրա միակողմանի ճնշումների հնարավորությունը: Բանախոսի խոսքով, Կրեմլում հստակ գիտակցում են՝ ճնշումների միջոցով միակողմանի զիջումների հասնելու ճանապարհը չի կարող հանգեցնել խնդրի կարգավորման: Ավելին, նման քաղաքականության պարագայում Ռուսաստանը կարող է կորցնել թե Ադրբեջանը և թե Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան