Պատրիկ Վիեյրա. «Ես Պոգբայի մեծ ֆանատն եմ»
«Նյու Յորք Սիթիի» մարզիչ Պատրիկ Վիեյրան հայտարարել է, որ Պոլ Պոգբան հաջողության հասնելու համար չպետք է փոխի իր խաղը՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Ես Պոգբայի մեծ ֆանատն եմ։ Նա, անկասկած, գերազանց ֆուտբոլիստ է։ Սակայն ես գիտեմ, որ ԱՊԼ-ն շատ ուժեղ է տարբերվում «A» սերիայից, և Պոլի ուսերին լուրջ պատասխանատվություն է ընկած՝ կապված տրանսֆերային արժեքի ու նրա խաղից սպասելիքների հետ։
Պոգբան պետք է ճիշտ հաշվեկշիռ գտնի, քանզի եթե կարծում է, որ կարող է միայնակ հաղթանակներ պարգևել «ՄՅու»-ին, սխալվում է։ Եվ եթե փորձի անել այն, ինչ չի կարողանում, կրկին սխալ գործած կլինի։
Մարդիկ նրանից մրցաշրջանի ընթացքում չպետք է 40 գոլ սպասեն։ Պոլը կարող է ուժեղացնել թիմն իր ֆիզիկական որակներով ու տեխնիկայով։ Նա պետք է հավատարիմ մնա իրեն և չփորձի խաղալ մեկ ուրիշի նման»,- Վիեյրայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։