Լեհաստանում 19-ամյա ֆուտբոլիստ է սպանվել
Լեհական «Կատովիցե» թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Դոմինիկ Կոշովսկին սպանվել է քաղաքի կենտրոնում` ենթարկվելով մի խումբ ֆուտբոլային ֆանատների հարձակմանը: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
19-ամյա ֆուտբոլիստը, ով 9 տարի շարունակ մարզվում էր «Կատովիցեի» ակադեմիայում, քաղաքի կենտրոնում գտնվող ակումբներից մեկի մոտակայքում շրջել է հոր ընկերակցությամբ, երբ նրանց վրա հարձակվել են մի խումբ երիտասարդներ: Արդյունքում` Կոշովսկին մահացու հարվածներ է ստացել, իսկ հայրն ազատվել է ծանր վնասվածքներով:
Սկզբում ոստիկանությունը հայտարարել է, որ Դոմինիկն ակամա զոհ է դարձել, սակայն ավելի ուշ այդ վարկածը ենթարկվել է փոփոխության, որի համաձայն խուլիգանները եղել են այն ակումբի երկրպագուները, որը երկար ժամանակ «Կատովիցեի» մրցակիցն է համարվում: Ոստիկանները ձերբակալել են կասկածյալներից երեքին, որոնց տարիքը չի գերազանցում 20-ը: