Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ դատական նիստում որոշել է մերժել «Ոտքի Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքը, և նա կշարունակի մնալ անազատության մեջ:
Դռնփակ նիստից հետո լրագողների հետ զրույցում Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք բողոքարկել էին երկու որոշում՝ ձերբակալության և կալանքի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումները:
«Դատարանը այդ երկու բողոքներն էլ մերժեց, և Անդրիաս Ղուկասյանը փաստորեն, առնվազն մեկ ամիս կմնա կալանքի տակ: Ակնհայտ է, որ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Չնայած դռնփակ դատական նիստ է, և ես ինձ իրավունք եմ վերապահում առնվազն մեկ փաստ այդ նիստից ներկայացնել. Դատարանը Անդրիաս Ղուկասյանին հատուկ հարց ուղղեց, թե եթե նա ազատ արձակվի, արդյոք շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, և Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ այո, ինքը իր գործունեությունը շարունակելու է և իր ընդդիմադիր կեցվածքում որևէ փոփոխություն չի լինելու: Սա շատ էական նշանակություն ունեցավ, և դատավորը գոնե պետք է հասկանար ու քողարկված որոշում կայացներ և ցույց չտար, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ», -ներկայացրեց Լուսինե Սահակյանը:
Այս նիստից հետո փաստաբանը եզրակացրել է՝ շատ էական նշանակություն ունի դատավորի անձը և «կարծես թե հատուկ վրեժ է լուծվում Անդրիաս Ղուկասյանից»:
Փաստաբանը փոխանցեց, որ արդեն 24 օր է՝ Ղուկասյանը հացադուլի մեջ է և պնդել է, որ կշարունակի հացադուլը:
Սահակյանի միջոցով Ղուկասյանը փոխանցել էր նաև հայտարարության տեքստ, որում նա նշել է, որ հարգանքով է վերաբերում այն քաղաքացիներին, ովքեր «հուլիսյան ապստամբության ժամանակ պայքարի նժարին են դրել իրենց կյանքը, առողջությունը ու ազատությունը»:
«Ողջ հանրությունը հասկանում է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Եկել է ժամանակը համախմբվելու հանուն մեր երկրի արժանապատիվ ապագայի», -նշել է Ղուկասյանը փաստաբանի միջոցով փոխանցած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը որոշել է շարունակել հացադուլը
- «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Անդրիաս Ղուկասյանը ցավեր ունի ծնկների շրջանում. Պաշտպան
- Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է
- Անդրիաս Ղուկասյան. «Ակնհայտ է, որ ապստամբները չեն հանձնվելու և մարտնչելու են մինչև վերջին փամփուշտը»