«Սասնա ծռերի» անդամի դստերը Բերձորում առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի դստերը՝ Զարուհի Հակոբյանին Բերձորում առաջարկել են դիմում գրել և ազատվել աշխատանքից: Այդ մասին այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Հակոբյանի դուստրը՝ Զարուհին:
«Ես աշխատում եմ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի «Բերձոր» ժողգործիքների անսամբլում՝ որպես երգիչ: Հայրիկիս հետ տեղի ունեցած դեպքերի հետևանքով ես բացակայել եմ աշխատանքից: Իրենք պատճառաբանելու են, թե ես բացակայել եմ վերջին շրջանում աշխատանքից, բայց ես հայրիկիս հետ կապված ուրբաթ օրն եմ եկել Երևան և երկար ժամանակ էլ չի անցել: Զանգ եմ ստացել տնօրենից՝ աշխատանքից ազատվելու մասին դիմում գրելու առաջարկ էր անում», -իր վիճակը ներկայացրեց Զարուհի Հակոբյանը:
Զարուհին նախկինում աշխատել է Բերձորի արվեստի դպրոցում՝ որպես ուսուցիչ, սակայն այստեղից ինքը սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից:
Նա ասաց, որ պարտաճանաչ աշխատողներից է և իրեն աշխատանքից հեռացնելու հիմքեր չկան:
«Այս ամենը մեկ բացատրություն ունի՝ հայրիկիս հետ կապված դեպքի պատճառով են փորձում ինձ ազատել աշխատանքից: Դա տնօրենի ինքնագործունեությունը չէ: Ավելի վերևներից է եկել հանձնարարականը», -պնդեց Զարուհի Հակոբյանը:
Նա ասաց, որ ազատման դիմում իր կամքով չի պատրաստվում գրել. «Թող իրենք հեռացնեն, եթե հեռացնում են»: